Մամուլ

36-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 26-ամյա մորն ու նրա 8 ամսական որդուն. երեխան ճանապարհին մահացել է

36-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 26-ամյա մորն ու նրա 8 ամսական որդուն. երեխան ճանապարհին մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի դպրոցի մոտ տեղի ունեցած վրաերթի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռիմա Հ-ն է։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 23։50-ի Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

darakert

Ոստիկանները պարզում են, որ մահացածը Դարակերտ գյուղի բնակիչ՝ 8 ամսական Արման Ա-ն էր։

Մասիսի ոստիկաններին են միանում նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ նույն օրը, ժամը 22։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սերգեյ Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Դարակերտ գյուղի կենտրոնական փողոցի 99 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Ռիմա Հ-ին և Արման Ա-ին։

opel vraert

Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։

Կիսվել նյութով