Օտարերկրացին մոպեդով բախվել է BYD-ին ու ավտոբուսին․ կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։55-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Կենտրոնական ավտոկայանի մոտ, Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Սանդիպ Պ․-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով բախվել է 37-ամյա Մենուա Մ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 41-ամյա Արմեն Մ․-ի վարած «MAN» մակնիշի ավտոբուսի հետնամասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ավտոբուսի տակ, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանը, պարեկներ Սամվել Ամիրխանյանը և Սուրեն Աբրահամյանը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ․ Շամշյանի տեղեկություններով, ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 5 երթուղին։


