Մամուլ

Քաղաքացին Նորքի ինֆեկցիոնին մեղադրում է մահացածի գրպանի գումարը յուրացնելու մեջ

Քաղաքացին Նորքի ինֆեկցիոնին մեղադրում է մահացածի գրպանի գումարը յուրացնելու մեջ

Hraparak.am-ը գրում է․ Մեր խմբագրություն է դիմել Աջափնյակի բնակիչ Աննա Թադեւոսյանը՝ պատմելով, թե Նորք ինֆեկցիոնից գողացել եւ յուրացրել են իր հայրիկի գրպանի 32 հազար դրամը։

«Նոյեմբերի 25-ին ժամը 2-ին հորս տեղափոխեցին Նորք ինֆեկցիոն հիվանդանոց և ըստ մինչև այդ արված ԿՏ-ի, հորս՝ 60-ամյա Արա Թադևոսյանի մոտ ընդամենը 20-25 տոկոս թոքաբորբ էր: Այդ հետազոտության արդյունքը հիմա էլ ձեռքիս տակ է:

Նա բավական առողջ մարդ էր, չուներ ոչ ուղեկցող հիվանդություններ, ոչ ճնշում, ոչ խոլեստերին, անգամ՝ գլխացավ: Երբևէ նրա ճնշումը չենք չափել, որովհետև որևէ դժգոհություն ամբողջ կյանքում չի ունեցել:

Բայց հայտնի է, որ այսօր կորոնավիրուսի, թոքաբորբի դեպքում հիվանդին տալիս են անտիբիոտիկ, մինչդեռ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում երբևէ անտիբիոտիկ չեն տվել հորս: Միայն 8-րդ օրն է անալիզներում շեղում եղել և հենց այդ օրն են միացրել անտիբիոտիկ ու այսօր ասում են, թե հայրս մահացել է տրոմբից, իշեմիկ ինսուլտ է տարել:

Ի դեպ, հայրս մահացել է 96 տոկոս սատուրացիայով: Մինչդեռ այլ բժիշկների հետ եմ խորհրդակցում, բոլորն ապշում են, երբ իմանում են, որ հորս մեկ շաբաթ պահել են առանց անտիբիոտիկի: Մենք ավելի քան վստահ ենք, որ հայրս մահացել է Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում սխալ բուժման հետևանքով և գլխավոր մեղավորը բաժանմունքի վարիչ Արշակ Ղազարյանն է:

«Նորք» ինֆեկցիոն

Ավելին, հորս մահից հետո, պահանջեցի նրա հագուստը, որով ներկայացել էր հիվանդանոց: Պարզվեց հագուստը չկա: Շալվարի գրպանում եղել է 32.000 դրամ, բնականաբար այդ փողը ևս չկար, յուրացրել էին»:

Աննա Թադեւոսյանին խոսքով՝ բաժանմունքի վարիչ Արշակ Ղազարյանն ասում է, թե տեղյակ չէ, երևի մայրապետերն են տեղափոխելուց կորցրել․ «Հարցն այդ 32.000 դրամը չէ, հարցն այն է, որ մենք այդ գումարը դրել էինք հորս գրպանում, որ մայրապետերին, բուժքույրերին տա, որ իր նկատմամբ ուշադիր լինեն, քանի որ գիտենք, որ փող չունեցող հիվանդների նկատմամբ անտարբեր են, մունաթ են գալիս նրանց վրա:

Ու հիմա պարզվում է, որ այդ հիվանդանոցում ոչ միայն սխալ բուժման հետևանքով է հայրս մահացել, այլև գողանում են մահացածների հագուստն ու փողերը ու բացառվում է, որ բաժանմունքի վարիչ Արշակ Ղազարյանը տեղյակ չլինի, թե ինչ է կատարվում այդ հիվանդանոցում:

Ավելին, սա Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վատ կառավարման, վերահսկողության հետևանք է: Բժիշկները սովորաբար աղանդավորների նման իրար պաշտպանում են, բայց ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո այս համակարգում որևէ դրական տեղաշարժ չկա: Սխալ բուժում եղել է նախկինում, կա հիմա էլ: Բժիշկների, բուժքույերի ու մայրապետերի գրպանները պարտադիր փող դնելու ու սառնարանում պահվող ուտելիքները նվիրելու ավանդույթը եղել է նախկինում, կա հիմա ևս: Ավելին, հիմա սկսել են գողանալ, թալանել հիվանդանոցներում մահացածներին»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով