Մամուլ

Փոխանակ Էրիկ Իսրայելյանն իր ստացած գումարը տա կանխավճար, գնել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և Դինամո մարզադահլիճի մոտ «գոնկա» է անում

Փոխանակ Էրիկ Իսրայելյանն իր ստացած գումարը տա կանխավճար, գնել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և Դինամո մարզադահլիճի մոտ «գոնկա» է անում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում պարզաբանել բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի՝ ԶԼՄ-ներում տարածված դժգոհություններն առ այն, թե չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը՝ գրանցած մարզական հաջողությունների համար:

Տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարի տարբեր հրամաններով բռնցքամարտիկը, ի թիվս ՀՀ մարզական պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած բազմաթիվ այլ մարզիկների, ստացել է սպորտային արդյունքների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարգևատրումները, ամենամսյա թոշակն ու նպաստը:  

Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 1 տարի շարունակ, բռնցքամարտիկը 2021 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ստացել է անվանական թոշակ՝ ամսական 120 հազար դրամի չափով:

2022 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար ստացել է ամսական 150 հազար դրամ նպաստ, իսկ դեկտեմբերից՝ արդեն որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, Իսրայելյանին հասանելիք ամսական նպաստի չափը կազմել է 200 հազար դրամ:

2022 թվականի դեկտեմբերին բռնցքամարտիկը միանվագ 800 հազար դրամ տարեվերջյան պարգևատրում է ստացել՝ որպես երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող, ևս 1,5 մլն դրամ միանվագ աջակցություն ստացել է՝ որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող:

Այսպիսով, բռնցքամարտիկի՝ միայն ԿԳՄՍՆ կողմից հատկացված պետական վճարները 2022 թվականի հունվարից առ այսօր կազմել են 5 մլն 720 հազար դրամ:

Ի դեպ, «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար մարզիկին հատկացվող նպաստը 2023 թվականի հունվարի 1-ից կազմում է ամսական 200 հազար դրամ, իսկ անվանական թոշակի չափը՝ ամսական 240 հազար դրամ /վերը նշված գումարները ներկայացված են՝ չներառելով հարկերը և տուրքերը/:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը մարզական արդյունքների համար բնակարանների հատկացման ծրագիր չեն իրականացնում:

Fip.am-ի հետ զրույցում փոխնախարարը հաստատեց, որ Իսրայելյանի տուն է գնացել և հույս է ունեցել, որ հովանավոր կգտնի մարզիկի համար։

«Ես իսկապես շատ ջերմեռանդությամբ գնացել եմ իրենց տուն, տեսել եմ՝ դժվար են ապրում, ասել եմ՝ տղա ջան, արի ես քեզ կօգնեմ, կազմակերպեմ էժան տոկոսով տուն ձեռք բեր, իմ ընկերներին եմ խնդրել, բանկիրներին խնդրել, որ կանխավճարը 10 տոկոս վճարի, տոկոսադրույքը քիչ ստացվի։

Ասել եմ՝ հաշվեք, թե ինձ անձնական լավություն եք անում, նա լավ մարզիկ է, պայմանավորվել եմ թղթաբանությունը, իրենք բացարձակ ոչինչ չեն հասկանում, անգրագիտության տիպար, իր փոխարեն ամեն ինչ արել են, ու մեկ էլ հանկարծ գալիս է ասում, որ կանխավճար էլ չունեմ»,- ասում է փոխնախարարը:

Ըստ նրա, Իսրայելյանն ընդամենը 700 դոլար «բեհ»՝ կանխավճար էր տվել։ 

Կարեն Գիլոյանը նշեց նաև, որ կոչ է արել Էրիկին ևս նախաձեռնություն դրսևորել.

«Ասել եմ՝ Էրիկ, գուցե դու էլ նախաձեռնես, պայմանագիր կնքես, ասում է՝ դե ես ում եմ ճանաչում, որ ումից գնամ փող ուզեմ։

Այսինքն՝ ես պարտավո՞ր եմ, հա, իր համար «սպոնսոր» գտնել, փող գտնել։

Ուրեմն փոխանակ Էրիկ Իսրայելյանն իր միանվանգ ստացած գումարը տա կանխավճար, գնել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և Դինամո մարզադահլիճի մոտ «գոնկա» է անում ու քիչ է մնացել հավաքարարին էլ վրաերթ անի։ Ասում եմ՝ Էրիկ, այդ գումարը ինչո՞ւ չտարար մուծեցիր, ասում է՝ ընկեր Գիլոյան, բա ես ո՞նց ապրեի»։

Ասել եմ՝ տղա ջան, մի կռվի, ումից ինչ հասնում է՝ անում  է, դու մտածում ես՝ շատ մեծ արդյունքներ ունես, ընդամենը երիտասարդության հաղթող ես, Հայաստանում նմանատիպ մարզիկներ շատ կան, ասում է՝ բայց ես բռնցքամարտիկ եմ, իսկ ով ասաց, որ ծանրամարտիկը արժանի չէ»,- նշեց նա։   

Գիլոյանը նաև նշեց, որ մարզիկը չի մասնակցել Հայաստանում բռնցքամարտի առաջնությանը՝ պատճառաբանությամբ, թե իբր վնասվածք ունի, մինչդեռ ինքը հետո իմացել է, որ ստել է, չի ցանկացել մասնակցել։ 

«Նա, ով երկրի հետ շանտաժի դիրքից կխոսի, նա ոչ մի բանի չի հասնի այս երկրում»,- եզրափակեց Գիլոյանը։ 

Կիսվել էջում