Մամուլ

Վահան Շիրխանյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում եւ պնդել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ասածները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն արդեն հարցաքննվել է:

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Վահան Շիրխանյանը: Նա հաստատեց, որ օրերս հրապարակված՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր բաց նամակի դրվագներից մեկի՝ 1998 թթ.-ի ընտրությունների վերաբերյալ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում:

Վահան Շիրխանյանի փոխանցմամբ՝ ինքը հարցաքննվել է միայն այդ դրվագով, նամակի այլ կետերի առնչությամբ իրեն հարցեր չեն ուղղվել: Այլ մանրամասներ, ինչպես Վահան Շիրխանյանը նշեց, այս պահին հնարավոր չէ հայտնել:

Հիշեցնենք, որ բաց նամակում Վահան Շիրխանյանը դիմել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով.

«1998 թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»:

Կիսվել նյութով