Մամուլ

Սրտանց շնորհավորում եմ ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի շնորհավորանքը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

«Սիրելի´ երեխաներ և հարգելի´ ծնողներ․

Սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:  Յուրաքանչյուր մեծի ցանկությունն է, անել առավելագույնը, որ Ձեր մանկությունը լինի առողջ, անհոգ ու ապահով, որ ձեզանից յուրաքանչյուրը լիարժեք կրթություն ստանա և հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքները:

Ցանկանում եմ, որպեսզի դուք ապրեք ներառական հասարակությունում, լինեք սոցիալապես պաշտպանված ու կարողանաք օգտագործել կրթություն ստանալու Ձեր իրավունքը:

Մեր հասարակությունում չպետք է գրանցվեն երեխայի նկատմամբ բռնություններ, իսկ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները մերժեն հասարակության բոլոր շերտերը: Ցավոք, այս խնդիրների առումով մենք դեռևս ունենք բավական անելիքներ:

Հայաստանում թեպետ քչացել, սակայն շարունակում է խնդրահարույց մնալ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, իսկ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության համաձայն՝ 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական պատժի:

Սրանք բավական լուրջ մտահոգություն պարունակող վիճակագրական փաստեր են, որոնց առնչությամբ պետք է աշխատենք ու փոխենք իրականությունը՝ այն դարձնելով ավելի պայծառ, ավելի դրական ու ավելի արժանապատիվ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև Ձեզ սիրելի´ ծնողներ, քանզի ձեր ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, առողջ հոգով ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու առաքելությունը:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` անամպ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում Ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ»:

Կիսվել նյութով