Երևանում միջադեպի պատճառով 15-ամյա 3 տղաներ ծայրահեղ ծանր վիճակում մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 անչափահաս տղաների։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված երեխաների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են 15-ամյա Հրանտ Ա․-ն, 15-ամյա Արսեն Չ․-ն և 15-ամյա Արման Կ․-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հրանտ Ա․-ն հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի կտրած-ծակած վերք, ձախ դաստակի կտրած վերքեր, անեմիա» ախտորոշմամբ, Արսեն Չ․-ն՝ «կրծքավանդակի ձախակողմյան հետին պատի կտրած-ծակած վերք, ձախ ծնկահոդի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, իսկ Արման Կ․-ն՝ «աջ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Նշված անձինք վնասվածքները ստացել են Մալաթիայի շուկայի հարևանությամբ գտնվող Սեբաստիա 141 հասցեի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


