Մամուլ

Ստորագրահավաք է սկսվել՝ ընդդեմ Արայիկ Հարությունյանի․ պահանջում են նրա հրաժարականը

Change.org հարթակում ստորագրահավաք է սկսվել՝ ընդդեմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի: Նախաձեռնության հեղինակները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանից պաշտոնանակ անել նախարար Արայիկ Հարությունյանին:

Նրանք որպես հիմնավորում մի քանի պատճառ են նշում: Մասնավորապես, Արայիկ Հարությունյանին մեղադրում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պետության հաշվին ֆինանսավորելու և պրոպագանդելու, դպրոցների ծրագրային խնդիրներին դեռեւս լուծում չտված հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները բուհերից հանելու, ՀՊՏՀ ուսանողների կողմից բարձրաձայնվող խնդիրն արհամարհելու, նԵՊՀ ուսանողների խնդրին լուծում չտալու, առարկայական ծրագրերի մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ աշխատանքներ չիրականացնելու և նմանատիպ այլ քայլերի հետ։

«Տևական ժամանակ է, ինչ ԿԳՄՍ նախարարությունը գտնվում է մի մարդու ձեռքերում, ով բազմիս ապացուցել է ոլորտում դրական փոփոխություններ իրականացնելու իր անկարողությունը: Վերջին ժամանակներս չեն դադարում տարբեր օղակների կողմից նախարարի հասցեին հնչեցվող մեղադրանքները կապված ՝

– ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պետության հաշվին ֆինանսավորելու և պրոպագանդելու,
– դպրոցների ծրագրային խնդիրներին դեռեւս լուծում չտված հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները բուհերից հանելու,
– ՀՊՏՀ ուսանողների կողմից բարձրաձայնվող խնդիրն արհամարհելու,
– ԵՊՀ ուսանողների խնդրին լուծում չտալու,
– առարկայական ծրագրերի մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ աշխատանքներ չիրականացնելու և նմանատիպ այլ քայլերի հետ։

Հաշվի առնելով նման էական հարցերի նկատմամբ անսկզբունքային վերաբերմունքը՝ պահանջում ենք կարևորագույն 4 ոլորտները լիովին ձախողած կադրի՝ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը»,- ասված է հրաժարականի պահանջի հիմնավորման մեջ:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նախարար Հարությունյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախարարության կողմից ծանրորդ Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմին 20 մլն դրամ հատկացնելուն, ասել էր՝ արվեստը լինելու է ազատ, առանց ցենզուրայի, իսկ քննադատներին համարել էր հետադիմության առաջամարտիկներ: Նրա այս կարծիքն ավելի թեժացրեց կրքերը եւ բանը հասել է այժմ նրա հրաժարականի պահանջին:


Կիսվել էջում