Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու են
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսել է ուղարկել Սահմանադրական խորհրդի կողմից օգոստոսի կեսերին մերժված օրինագծի վերանայված տարբերակը։ Նրա նպատակն է ապահովել, որ առաջարկը համապատասխանի եվրոպական օրենսդրությանը։
Ֆրանսիան Եվրոպական հանձնաժողովին է ներկայացրել նոր օրինագիծ, որով նախատեսվում է արգելել սոցիալական ցանցերի օգտագործումը 15 տարեկանից փոքր երեխաների համար։
Այս մասին Ֆրանսիայի նախագահը գրել է X սոցիալական ցանցում՝ նշելով, որ դա «նոր տարբերակ է … Սահմանադրական խորհրդի որոշումից մեկ ամիս անց»։
Եվրանյուզի հաղորդմամբ՝ օգոստոսի կեսերին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել էր Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը՝ այն գնահատելով որպես դեռահասների խոսքի ազատության «անհամաչափ խախտում»։
«Մենք սա մինչև վերջ կհասցնենք», – վստահեցրել է Էմանուել Մակրոնը X-ում հրապարակված գրառման մեջ։
Մակրոնի խոսքով՝ նոր փաստաթղթում հաշվի են առնվել Սահմանադրական խորհրդի մեկնաբանությունները, և այն համապատասխանում է եվրոպական օրենսդրությանը։
AFP-ի կողմից մեջբերված կառավարական աղբյուրի համաձայն՝ փաստաթղթում թվարկված են մոտավորապես տասը «գործառույթներ», որոնք վնասակար են և/կամ «կախվածություն են առաջացնում» ամենափոքր օգտատերերի համար։ Դրանց թվում են տեսանյութերի ավտոմատ վերարտադրումը, անծանոթ հաշիվների հետ կապվելու հնարավորությունը և այլն։


