ԱշխարհՍպորտ

Ռուսաստանում չեմպիոններ կերտող հայ մարզիչը. ինչու Մարկոսյանը դարձավ Կադիլով

Ռուսաստանում չեմպիոններ կերտող հայ մարզիչը. ինչու Մարկոսյանը դարձավ Կադիլով։

Sputnik Արմենիան գրում է․ Աշխարհի տարբեր երկրներում տարբեր մարզաձևերում հայազգի մարզիչները մեծ արդյունքների են հասնում: Նրանց հայ լինելու մասին երբեմն իմանում ենք ազգանունի վերջին երեք տառերից: Դավիթ Կադիլովի ազգանունը սակայն, նրա հայ լինելը չի «մատնում»:

Sputnik Արմենիային հաջողվել է զրուցել Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, Ռուսաստանում չեմպիոններ կերտող Դավիթ Կադիլովի հետ։ Նա պատմել է ազգանվան փոփոխության, իր մարզական կարիերայի մասին։

Ինչու գյումրեցի Մարկոսյանը դարձավ Կադիլով

Ռուսաստանի հունահռոմեական ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Դավիթ Կադիլովը նույն Դավիթ Մարկոսյանն է, որը մարզել է օլիմպիական չեմպիոն Իսլամ-Բեկ Ալբիևին և հիմա էլ Արթուր Ալեքսանյանի հիմնական մրցակիցներից մեկի՝ Մուսա Եվլոևի մարզիչն է: «1998 Հայաստանում վնասվածք ստացած և մեկնեցի Մոսկվա ապաքինվելու։ Ինձ ասացին, որ Ռուսաստանի քաղաքացիություն է հարկավոր բուժվելու համար, իսկ քաղաքացիությունն արագ ստանալու համար պետք էր փոխել ազգանունը»,- Մարկոսյանը Կադիլովով փոխելու հարցին այսպես է պատասխանում Դավիթը:

1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական խաղերի չեմպիոն Մնացական Իսկանդարյանի խորհրդով Մոսկվա տեղափոխվելուց հետո նա ընդունվում է «Սպարտա» մարզադպրոց` հայ մարզիչ Ֆելիքս Ավակովի մոտ մարզվելու: «Ծանոթությունը Ավակովի հետ ինձ շատ բան տվեց։ Հետագայում՝ 2002 թվականին, արդեն որպես մարզիչ առաջին քայլերը կատարել եմ հենց Ավակովի հետ»,–պատմում է երիտասարդ մարզիչը:

Կադիլով

Իսկ ամեն ինչ սկսվել էր այսպես

Գյումրեցի Դավիթ Մարկոսյանը պատանեկան տարիքում երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ էլ մեր երկրի չեմպիոնի կոչումը նվաճել է երիտասարդների առաջնությունում: Բայց վնասվածքը հնարավորություն չի տվել Դավիթին շարունակել ելույթները գորգի վրա։

Հունահռոմեական ըմբշամարտում Դավիթ Մարկոսյանը 90-ականների վերջին համարվում էր Հայաստանի հեռանակարային ըմբիշներից մեկը: Նրա գործողություններում կար ամեն ինչ` տեխնիկա, ճկունություն, արագություն: Համառ բնավորության շնորհիվ էլ նա արդեն հայ մարզիչների ուշադրության կենտրոնում էր: Այնքան էր նվիրված էր ըմբշամարտին, որ նույնիսկ վնասվածքը չխանգարեց Դավիթին մնալ ըմբշամարտում, ճիշտ է, ոչ թե մարզիկի, այլ մարզչի կարգավիճակով։

«Յուրաքանչյուր մարզիկ երազում է կանգնել օլիմպիական պատվո պատվանդանին: Ես բացառություն չէի այդ առումով: Բայց վնասվածքը` ճողվածքի տեսքով, ինձ զրկեց այդ հնարավորությունից: Սակայն օլիմպիական պատվո պատվանդանին կանգնելու այլ տարբերակ էլ կար`որպես մարզիչ, ու ես գնացի այդ ճանապարհով: 22 տարեկան էի, բայց արդեն մարզիչ էի»,- ավելացնում է Դավիթը:

Օլիմպիական ոսկին` Իսլամ-Բեկ Ալբիևի հետ

Դավիթ Մարկոսյանի (Կադիլովի) նպատակները աստիճանաբար սկսեցին իրականանալ: Իրեն առանց ըմբշամարտի չպատկերացնող մարզիչը Ֆելիքս Ավակովի հետ սկսեց մարզել ըմբշամարտիկ Իսլամ-Բեկ Ալբիևին: 2008թ.-ի Պեկինի օլիմպիական խաղերում Ռուսաստանը ներկայացնող Ալբիևը հռչակվեց օլիմպիական չեմպիոն, ու իրականացավ Դավիթ Մարկոսյանի երազանքը` նա իր սանի հետ մեկտեղ կանգնեց պատվո պատվանդանին. «Իհարկե, անչափ ուրախ էի, որ Ալբիևը չեմպիոն դարձավ, նրա ու մեր աշխատանքը տվեց իր պտուղները: Իսլամ-Բեկը դարձավ օլիմպիական չեմպիոն, իսկ ես` Ռուսաստանի վաստակավոր մարզիչ»,- հիշում է Դավիթը։

Կոգուաշվիլիի հրավերը

Ռուսաստանի ըմբաշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին 2012 թվականին հրավիրեց Դավիթ Կադիլովին  աշխատելու որպես Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ: Մինչև օրս Դավիթը Ռուսաստանի հավաքականում է, նրան հաճախ կարելի է տեսնել մրցումներին` որպես ռուս ըմբիշների մարտավկա։

Արթուր Ալեքսանյանը հզոր մարզիկ է ու հզոր մրցակից

Արթուր Ալեքսանյանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբշամարտիկ Մուսա Եվլոևը, որի մարզիչը Դավիթ Կադիլովն է, իրար դեմ գոտեմարտել են ոչ մեկ անգամ։ «Ես շատ ծանր վեց րոպե եմ անցկացնում` հետևելով Ալեքսանյան – Եվլոև գոտմարտին: Երկուսն էլ հրաշալի ըմբիշներ են, երկուսն էլ պատրաստ հաղթելու յուրաքանչյուր մրցակցի: Նրանց մրցակցությունում թող միշտ հաղթի ուժեղագույնը»,- ասում է Դավիթը:

Նշենք, որ 2017 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 3։1 հաշվով հաղթեց Մուսա Եվլոևին ու նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ 2018 թվականի աշխարհի առաջնությունում արդեն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում 1։3 հաշվով պարտվեց Մուսա Եվլոևին։ Երրորդ գոտեմարտը ըմբիշների միջև պետք է կայանար աշխարհի 2019 թվականի առնչությունում, բայց Արթուրը վնասվածքի պատճառով չկարողացավ գորգ դուրս գալ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով