Մամուլ

Պետությունը կկանգնի զոհված զինծառայողների ընտանիքների կողքին. որքան աջակցություն կստանան. «Ժողովուրդ»

Պետությունը կկանգնի զոհված զինծառայողների ընտանիքների կողքին. որքան աջակցություն կստանան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված ռազմական գործողությունների հետեւանքով, ցավոք, հայկական կողմն ունի 222 զոհ: Անխոս, հերոսների ընտանիքները պետք է լինեն պետության հոգածության ներքո, իսկ դրա համար գործում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, որը պետք է աջակցություն ցուցաբերեր 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված զինծառայողի ընտանիքներին եւ I կամ II խմբի հաշմանդամ դարձածներին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայողների ընտանիքները ստանում են 82 մլն դրամ, պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողների ընտանիքները՝ 70 մլն դրամ, պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայի եւ պարտադիր զինվորական ծառայության շարքային զինծառայողների ընտանիքները՝ 58 մլն դրամ:

Ընդ որում, բոլոր այս դեպքերում գումարի ամբողջ չափից 10մլն դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով 20 տարվա ընթացքում:

Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100 հազար դրամ ստանալու իրավունք, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի երեք կամ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ կամ 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը: Բոլոր զոհվածների ընտանիքները լինելու են պետության հոգածության ներքո:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով