Մամուլ

Որևէ նախագահ Փաշինյանի նման ասուլիսներ տվե՞լ է, live մտե՞լ է, երկու բառ առանց գրելու չէին կարողանում խոսել. Աշոտ Մելիքյան

Որևէ նախագահ Փաշինյանի նման ասուլիսներ տվե՞լ է, live մտե՞լ է, երկու բառ առանց գրելու չէին կարողանում խոսել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երբեւէ մամուլն այսքան ազատ չի եղել, որքան հիմա: Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին հարցրեց՝ իսկապե՞ս մամուլը աննախադեպ ազատություն ունի հիմա:

Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Իսկապես, մամուլը շատ ավելի ազատ է, համենայնդեպս, իշխանությունների միջամտություններից, քան նախորդ տասնամյակների ընթացքում, ես դրանում համոզված եմ ու կարող եմ խոսել փաստերի լեզվով: Հայաստանում երբեւիցե չի եղել, որ իշխանությունը փոխվի եւ չփոխվեն հեռուստաընկերությունների սեփականատերերը, բայց ոչ թե այսպես ընդդիմադիրների մեջ առուվաճառքը տեղի ունենա, այլ շատ հստակ էր՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք Ա1 պլյուսը փակելուց հետո բոլոր հեռուստաընկերությունները հասկացան, որ եթե հլու-հնազանդ չծառայեն իրեն, կարժանանան նույն ճակատագրին, ինչ Ա1 պլյուսը:

Երբ իր թիմակիցը՝ Սերժ Սարգսյանը եկավ, էնտեղ բոլորը հասկացան, որ պետք է ծառայել Սերժ Սարգսյանին, իսկ ովքեր այնքան էլ պատրաստ չէին, վաճառեցին իրենց հեռուստաընկերությունը նրան, ով պատրաստ էր ավելի լավ ծառայել: Նիկոլ Փաշինյանի օրոք մենք չենք տեսել, որ այդ իշխանությանը շրջապատող բիզնեսմենները հավակնեին ձեռք բերել այդ հեռուստաընկերությունները, կամ որ իշխանությունը ստիպած լիներ:

Ասենք, «Արմնյուզը» դուրս էր եկել վաճառքի, ըստ Հայաստանում եղած տրամաբանության, դա պետք է գնեին իշխանամերձ բիզնեսմենները, այլ ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները՝ «Քառյակ մեդիան», խոսքը նաեւ Հ3-ի առուվաճառքի մասին է, որտեղ կառավարությունը, իշխանությունները որեւէ միջամտություն չունեցան, եւ «Արմենիան»…

Որեւէ մեկը թող չփորձի այս ոլորտում ասել, թե Սերժ Սարգսյանի կամ Քոչարյանի ժամանակ ավելի լավ էր, քան Նիկոլ Փաշինյանի, ովքեր այդպես են ասում, միտումնավոր թյուրիմացության մեջ են գցում հասարակությանը, կամ քաղաքական պատվեր են կատարում, ինչի մասին մենք շատ լավ գիտենք»:

Մելիքյանը այլ փաստեր էլ ներկայացրեց. «Որեւէ նախագահ Նիկոլ Փաշինյանի նման ասուլիսներ տվե՞լ է 4,5 ժամանոց, իսկ live մտե՞լ է, թե՞ վերհիշենք, թե ինչպես է խիարը թարս աճում, երկու բառ առանց գրելու չէին կարողանում խոսել»:

Սրան զուգահեռ՝ Աշոտ Մելիքյանն ասաց, որ այս ամենը չի նշանակում, թե նոր իշխանությունն անթերի է, օրինակ, տեղեկատվություն ստանալու եւ տարածելու առումով վիճակը վատթարացել է: 

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել էջում