ՄամուլՏեսանյութ

Ո՛չ սև եմ, ո՛չ սպիտակ. լուսավոր եմ. Անի Քոչարը՝ «ԱՅՈ»-ի և մեծ քաղաքականություն վերադառնալու մասին. Տեսանյութ

168.am-ը գրում է․ Գերմանիայից Հայաստան ժամանած և ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին «Այո» ասող լրագրող Անի Քոչարը վստահեցնում է՝ «Այո» կասի ցանկացած գործընթացի, որը մերժում է հինը, արատավորը, սարքովի և հարմարեցված համակարգերը, որոնք տարիներ շարունակ ծառայել են որոշ անհատների։

Մեծ քաղաքականություն վերադառնալ պատրաստվող Անի Քոչարը վստահեցնում է՝ հանրաքվեին «Այո» ասելուն զուգահեռ՝ ունի բազմաթիվ դժգոհություններ օրվա իշխանությունից, որովհետև, եթե 2018 թվականին տեղի է ունեցել հեղափոխություն և ոչ թե՝ իշխանափոխություն, ապա պետք է տեղի ունենային արմատական և համակարգային փոփոխություններ, և բազմաթիվ մարդիկ այսօր չպետք է լինեին այն տեղում, որտեղ են այսօր։

Նրա պնդմամբ՝ այս իշխանությունն ուներ լիազորություն գնալու հեղափոխական փոփոխությունների, սակայն դա չարեց։

«Ես վստահ եմ՝ Սահմանադրական դատարանը վերջին բաստիոնը չպետք է լինի. կան շատ անելիքներ, և կան շատ համակարգեր, որոնք պետք է փոփոխությունների ենթարկվեն։ Ես կարծում եմ, որ այս ժողովուրդը, որը մեկ անգամ հավատաց իր պայքարին, հաջորդ անգամ չպետք է կուրորեն հավատա ոչ միայն այս, այլ նաև հաջորդող բոլոր իշխանություններրին։

Երբ դու ստեղծում ես անհատի պաշտամունք և ասում, որ մենք քեզ ամեն ինչ վստահում ենք, այդպես իշխանությունը մատնվում է անգործության։

Ժողովուրդը և 4-րդ իշխանությունը պետք է զսպաշապիկի դերում լինեն, որպեսզի իշխանությունը հասկանա, որ ամենաթողության որևէ հարց չի կարող վերածել։ Այստեղ պետք է ասեմ, որ, ավաղ, այսօր չկա նաև այնպիսի ընդդիմությունը, որը կլինի առողջ և հակակշռող։

Այստեղ կարևոր է շեշտել գերմանական փորձը. այնտեղ կան բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ, սակայն չկա մեկը մյուսին պիտակավորելու միտում կամ սևերի և սպիտակների բաժանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Քոչարը:

Նա վստահեցնում է՝ նախկին իշխանության ժամանակ ևս ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ եղել են ճնշումներ, որոնք գուցե չեն արտահայտվել սևերի և սպիտակների բաժանումով, բայց դրանք եղել են։

«Գուցե սևերի և սպիտակների բաժանումների մասին ձևակերպումներ չեն եղել, բայց՝ «ինչքան կուզենք, այնքան կխփենք» հոգեվիճակում գտնվող իշխանության՝ ժողովրդի հետ երկխոսելու մշակույթը դեռ հիշում ենք։

Ես չեմ խոսում միանշանակ դեմ նախկիններին և չեմ խոսում միանշանակ կողմ այս իշխանություններին, ես որևէ իշխանության կույր վստահությամբ չեմ օժտելու, քանի որ այդ իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին»,- ասաց նա։

Ըստ Քոչարի՝ թեև 2018 թվականին արդեն ժողովուրդն իր վստահության քվեն տվել է այս իշխանությանը և լիազորել նրան կարևորագույն հարցեր որոշելու, սակայն հիմա իշխանությունը փորձում է Հռոմի պապից առավել կաթոլիկ երևալ, որով պայմանավորված էլ որոշեց անցկացնել հանրաքվե։

«Փորձում են ցույց տալ, որ առավել ժողովրդավար են, կամ ցանկանում են ասել, որ առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու՝ որևէ բան չեն անում, իսկ գուցե այս կերպ ցանկանում են եվրոպական կառույցների կողմից քննադատության և հարվածների՞ չարժանանալ, թեև ես չեմ ուզում շատ մեծ կարևորություն տալ եվրոպական կառույցների արձագանքներին, քանի որ դրանք տրվում են՝ ելնելով այդ կառույցների ինչ-ինչ շահերից»,- ասաց Անի Քոչարը՝ ընդգծելով, որ չի կարծում, որ ԵՄ անդամ պետությունների ղեկավարների մոտ Փաշինյանն ընկալվում է բացասական լույսի ներքո։

Առավել մանրամասն՝ 168․am-ի տեսանյութում

Կիսվել նյութով