Ազատ խոսք

Շատերն ինձ հարցնում են՝ «Պատերազմն ավարտվել է, ինչու՞ ես շարունակում օրերը հաշվել»․ Մարինա Հովհաննիսյան

Շատերն ինձ հարցնում են՝ «Պատերազմն ավարտվել է, ինչու՞ ես շարունակում օրերը հաշվել»․ Մարինա Հովհաննիսյան

Մարինա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊԱՏԵՐԱԶՄ ՕՐ57

Շատերն ինձ հարցնում են՝ «Պատերազմն ավարտվել է, ինչու՞ ես շարունակում օրերը հաշվել»:

Ասեմ. 6 տարի առաջ էր: Ճակատագրի բերումով հայտնվել էի Փարիզի արյունաբանական կենտրոնում, ուր ինձ պես հարյուրավոր մայրեր իրենց երեխաներին էին խնամում:

Բառերն անզոր են՝ նկարագրելու այն դժոխքը, որի միջով անցանք: Բոլորիս մի հարց էր տանջում՝ ե՞րբ կավարտվի այս մղձավանջը: Իսկ ժամանակը կանգ էր առել:

Րոպեն տարի էր թվում, օրը՝ դար: Թվում էր, թե դիմանալն այլևս անհնար է: Հաճախ սթափությունս էի ստուգում՝ հո չե՞մ խելագարվել: Ու ինձ բռնում էի այն գիտակցության մեջ, որ դրա իրավունքը չունեմ:

Խելագարվելու՜ իրավունքը… որովհետև պետք եմ երեխայիս: Ամիսներ անցան: Կողքի հիվանդասենյակում, 15 տարեկան մի սիրունատես աղջնակ էր պառկած: Հայրն էր խնամում:

Վայրկենաչափի ճշտությամբ էր հետևում դեղերի հերթականությանը, որ հանկարծ մի րոպե չխախտի, Տե՜ր Աստված, ի՜ նչ հոգատարությամբ էր կերակրում, լողացնում, շոյում մազազուրկ գլուխը, գիշերները լուսացնում աթոռին, որ հանկարծ քունը չհաղթի և երեխայի անզգույշ շարժումից ասեղը չշարժվի երակի մեջ……….

Մի օր էլ չդիմացա, հարցրի՝ «Ներեցեք, ինչքա՞ն ժամանակ է հիվանդ Ձեր երեխան»:

մարինա հովհաննիսյան

Աննշան դադարից հետո ասաց.
-Այսօր 237-րդ օրն է:
-Եվ ինչքա՞ն պետք է շարունակեք հաշվել,- հարցրի:
-Այնքան, մինչև առողջանա, մինչև հետ բերեմ կորցրած մանկությունը:

Անցել են տարիներ:

Զարմանալի զուգադիպությամբ, պատերազմի նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, նույն հիվանդանոցում, ուր յուրաքանչյուր 6 ամիսը մեկ երեխաներին տանում ենք հետազոտության, հանդիպեցի իմ «հերոսին»՝ արդեն հասուն օրիորդ դարձած գեղեցկուհի աղջկա հետ:

Հարցիս, թե դեռ շարունակու՞մ է օրերը հաշվել,- պատասխանեց՝ ուրախության արցունքներն աչքերին.

-Ոչ, մենք արդեն առողջ ենք:
Այնքա՜ն նման էր այդ պահին մեր հոգեվիճակները… Ուրիշ մեկը սա չի հասկանա: Մենք հաղթել էինք հրեշավոր հիվանդությանը, մենք երջանիկ էինք… Գրկախառնվեցինք, լաց եղանք, լիցքաթափվեցինք տարիների լարվածությունից…

Ինչու՞ պատմեցի սա:

Սիրելի ժողովուրդ, մենք բոլորս այսօր առողջանալու խնդիր ունենք, մենք խելագարվելու իրավունք չունենք…

Ու քանի դեռ մեր բզկտված երկրի ճակատագիրը չի որոշվել, քանի դեռ Շուշին հանձնելու առեղծվածը չի բացահայտվել, քանի դեռ մեր ռազմագերիներն ու կորած Զինվորները տուն չեն վերադարձել, քանի դեռ վերջին նահատակը հողին չի հանձնվել, քանի դեռ մեր մղկտացող սրտերը չեն ամոքվել և երկփեղկված հասարակությունը բռունցք չի դարձել,- ինձ համար պատերազմը շարունակվում է, և շարունակվելու է մինչև մեր կորսված ժպիտի վերադարձը»:

Կիսվել նյութով