Մամուլ

Կալանավորվել է ՀՀԿ-ական Արման Սահակյանը, իսկ Արմեն Աշոտյանը՝ ձերբակալվել

«MediaHub-ի տեղեկություններով՝ 2 ամսով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։

«Արման ջան, սա էլ կանցնի, ախպերս։
Կասկածից վեր են թե քո ուժը, թե քո կամքը, թե քո խիղճը։
Բարին հաղթում է, երբ ուժեղ է։ Իսկ դու եւ բարի ես, եւ ուժեղ։
Պինդ կաց, ընկերս»,- գիշերը գրել է Արմեն Աշոտյանը։

Ավելի ուշ ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

Նա տեղեկացրեց, որ դեռևս պարզ չէ՝ ինչու են Աշոտյանին ձերբակալել, միայն այն գիտի, որ դեռևս կալանքի միջնորդություն ներկայացված չէ։

«Մենք մինչև գիշերվա 2-ը ուղիղ եթերում ենք եղել, հետո բաժանվել ենք, ժամը չորսին խոսել եմ իր հետ ու առավոտյան արդեն իմացա, որ ձերբակալել են նրան։ Հիմա գնում ենք Քննչական կոմիտե»,- ներկայացրեց Շարմազանովը։

Նա կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ական գործիչ Արման Սահակյանի դեպքը կապված չէ Աշոտյանի ձերբակալության հետ, քանի որ Արման Սահակյանին գիշերը կալանավորել են, իսկ Արմեն Աշոտյանին հայտնի չէ՝ ինչ գործով են ձերբակալվել։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է․

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ա.-ն (Արմեն Աշոտյան), լիազորված լինելով խթանել կրթության և գիտության զարգացմանը, մշակել և իրականացնել կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, ապա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գ.Խ.-ի (Գագիկ Խաչատրյան) և վերջինիս որդու՝ Ա.Խ.-ի նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Վ.Ս.-ի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ.Գ.-ի (Գայանե Գասպարյան), պրոռեկտոր Ա.Ա.-ի, Ա.Խ.-ի, Գ.Խ.-ի, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հ.Թ.-ի հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ:

Բացի դա, օրենքի դրույթի կոպիտ խախտմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունը զրկվել է իրեն հատկացված գույքից՝ ուսումնական նպատակներով տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից:

Դրանից հետո, Ա.Խ.-ն և Գ.Խ.-ն իրենց մտերիմ Հ.Թ.-ի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, հանցավոր ճանապարհով ՀՀ Երևան քաղաք Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի փողոց 38/1 շենք թիվ 59 հասցեում գտնվող 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքի ձեռքբերման գործընթացում քողարկելով գույքի իրական պատկանելիությունը, ինչպես նաև նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը՝ նախ որպես գույք ձեռք բերող ներկայացրել են Հ.Թ.-ին, ապա բարեխիղճ ձեռք բերող հանդես գալու ակնկալիքով վերջինիցս 75 մլն ՀՀ դրամով գնել են նշված գույքը՝ գրանցելով այն Ա.Խ.-ի անվամբ:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել վերը նշված 7 անձի նկատմամբ:

Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին»»:

Կիսվեք ձեր էջում