Մամուլ

Նոր մանրամասներ՝ գայլի հարձակումից․ վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Գորիսում գայլերի հարձակումների հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, իսկ մյուս հինգ տուժածներինը՝ թեթև կամ միջին ծանրության։ Այս մասին հայտնել է Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։

«Այսօր Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 անձի վրա, այդ թվում՝ վնասվածքներ հասցնելով 3-ամյա երեխայի։

Տարբեր մարմնական վնասվածքներով տուժածները տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր»,- հայտնել է «Գորիս» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության մասնագետ Արև Աբելյանը։

Նրա խոսքով՝ այս պահին Գորիսի ոստիկանության աշխատակիցները, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի և էկոպարեկների ներկայացուցիչները որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ կենդանիներին հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։

«Գորիսի ԲԿ-ի ամբողջ անձնակազմը, չնայած ոչ աշխատանքային ժամին, գտնվում է հիվանդանոցում։

Բժիշկներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ բժշկական միջամտությունները»,- նշել է Աբելյանը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է գայլը շրջում թաղամասում։

«Հուսանք՝ այլ դեպքեր չեն գրանցվի»,- հավելել է նա։

Հիշեցնենք այսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում