Գագիկ Ծառուկյանի տնից առգրավված մյուս կենդանիների վիճակը ևս ծանր է. տեսանյութ
Արդեն երկրորդ օրն է՝ Երևանի քաղաքապետարանը թույլ չի տալիս «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին մուտք գործել կենդանաբանական այգի՝ տեսնելու և նկարահանելու Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված կենդանիներին, ինչպես նաև արձանագրելու նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ առանձնատնից առգրավվել են կենդանիների և թռչունների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի՝ որպես իրեղեն ապացույցներ։ Սակայն տեղափոխումից հետո առյուծներից մեկը սատկել է։
Քաղաքապետարանը պատճառաբանել է, որ կենդանին ունեցել է տարիքային և ուղեկցող հիվանդություններ, սակայն առյուծի խնամակալը պնդում է, որ կենդանին առողջ է եղել և սատկել է անզգայացումից հետո՝ չնայած իր զգուշացումներին։
Լրագրողների մուտքի սահմանափակումը ևս հարցեր է առաջացնում։
Քաղաքապետարանը նշում է, որ կենդանիները կարանտինում են, սակայն դա չի բացատրում, թե ինչու չի կազմակերպվում վերահսկվող այց կամ հեռահար նկարահանում՝ հանրությանը տեղեկացնելու նրանց վիճակի մասին։
Մասնագետներն ու կենդանասերները բարձրացնում են մի շարք հարցեր՝ կապված կենդանիների տեղափոխման, անզգայացման, բժշկական զննության և վերահսկողության գործընթացների հետ։
Մինչ օրս չեն հրապարակվել անասնաբուժական արձանագրությունները, տեղափոխման մանրամասները և մյուս կենդանիների առողջական վիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկությունները։
Հանրային շահի տեսանկյունից պարզաբանումներ պետք է ներկայացնեն Երևանի քաղաքապետարանը, կենդանաբանական այգին, Քննչական կոմիտեն և անասնաբուժական վերահսկողություն իրականացնող կառույցները։



