Մամուլ

Նախկին նախարար Արմեն Մուրադյանը դատի կտա նախարար Արսեն Թորոսյանին

168.am-ը գրում է․ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր Արմեն Մուրադյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից իրեն հասցեագրված մեղադրանքներից հետո այսօր առավոտյան իր մոտ է կանչել իրավաբանների, և Երևանի պետական բժշկական համալսարանում այս պահին նախարարի դեմ դատական հայց է պատրաստվում:

Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը Վարչական դատարանում մտադիր է ապացուցել Թորոսյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման լուրջ դեպքեր: Խոսքը ԵՊԲՀ կառավարման խորհրդի կազմը փոխելու նախարարի ցանկության ու ձեռնարկած քայլերի մասին է, ինչի իրավունքը վերապահված չէ Առողջապահության նախարարին, սակայն Թոորսյանն անզգուշորեն խոստովանել է իր քայլերի մասին և բացեիբաց հայտարարել երեկ թե՛ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի, և թե՛ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում:

Հայցադիմումի մեջ բուհի ռեկտորը կընդգրկի նախարարի ոչ իրավաչափ գործողությունների պլանի մասին, առ այն, որ նախարարը կամայականորեն ուզում էր փոխել կառավարման խորհրդի կազմը:

Ի դեպ, գործող օրենսդրության համաձայն՝ այդ իրավասությունն ունի միայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես կրթական ոլորտի լիազոր մարմին:

Արմեն Մուրադյանն իր հաջորդ հայցապահանջով դատարանի միջոցով մտադիր է նախարարին հարկադրել, որպեսզի զրպարտելու համար հրապարակայնորեն ներողություն խնդրի իրենից, քանի որ իր դեմ տարվող գործընթացներում նախարարն իր անունն է հնչեցրել՝ մեղադրելով Արմեն Մուրադյանին՝ որպես այդ ամենի կազմակերպիչ:

ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նշեց, որ դեռևս հստակ չէ՝ ի վերջո ի՞նչ հայցապահանջ է ներկայացվելու հայցադիմումի մեջ:

«Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, իսկ թե հստակ որ մասերն են ներառված լինելու դատարան ներկայացվող պահանջում, կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ՝ օրինական, ազատ, անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,- նշեց Շուշան Դանիելյանը:

Աղբյուր՝ 168.am

Կիսվել նյութով