Մամուլ

Մի շարք պետական կառույցների աշխատակիցների հեռացնում են աշխատանքից առանց նրանց վաղօրոք զգուշացնելու

Մի շարք պետական կառույցների աշխատակիցների հեռացնում են աշխատանքից առանց նրանց վաղօրոք զգուշացնելու։

Bavnews.am-ին մի մի շարք կառույցների աուդիտորներ տեղեկացրին, որ ՀՀ վարչապետի  գրությամբ հանձնարարվել է ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեությունը դադարեցնելու գործընթաց սկսել 2019 թվականի նոյեմբերի 1-ից:

Նշված խնդրի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ ներքին աուդիտորների, շահագրգիռ մարմինների, միջազգային դոնոր կազմակերպությունների հետ տեղի չեն ունեցել:

Հանձնարարականը հակասում է «Ներքին աուդիտի» մասին ՀՀ օրենքի  5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջին և պարտադրում է կազմակերպությանը ներքին աուդիտի գործառույթը իր կառուցվածքում ընդգրկված ներքին աուդիտի ստորաբաժանման միջոցով իրականացնելու փոխարեն իրականացնել հրավիրված անձանց միջոցով։

ՀՀ հանրային հատվածում ներդրված ներքին աուդիտի համակարգը տարիների ընթացքում կայացել է, որին նպաստել է միջազգային այնպիսի կառույցների օժանդակությունը, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը՝ GIZ և այլն։

Արդեն իսկ կայացած համակարգը փլուզել և սկսել մի նոր գործընթաց, որը չի փորձարկվել և արդյունավետությունը չի գնահատվել՝ անիմաստ է և ծախսային տեսանկյունից աննպատակահարմար։

Այս հանձնարարականի կատարման արդյունքում գործազուրկների բանակը կհամալրվի շուրջ 240 որակավորված  աուդիտորներով:

Աուդիտորները պահանջում են վերանայել վերոնշյալ հանձնարարականը, այն հաշվով որ չհակասի ներքին աուդիտի մասին օրենքի պահանջներին և հանրային հատվածի կազմակերպության ղեկավարը ինքը որոշի իր կառույցում ով իրականացնի ներքին աուդիտը՝ ստորաբաժանումը, թե հրավիրված կազմակերպությունը:

Դեռևս 2012 թվականին՝ պետական ռեսուրսների կառավարման թափանցիկության առավել բարձր մակարդակ ապահովելու նպատակով, ՀՀ հանրային հատվածում ներդրվեց ներքին աուդիտի համակարգը, որն ուղղված է հանրային հատվածի կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը: Այն աջակցում է կազմակերպությանը հասնել իր նպատակներին:

«Ներքին աուդիտի» մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «ներքին աուդիտը կարող են իրականացնել կազմակերպության կառուցվածքում գործող ներքին աուդիտի ստորաբաժանումները կամ հրավիրված անձինք, որոնք պետք է ընդգրկված լինեն որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց հրապարակված ցանկում, ինչը «Ներքին աուդիտի» մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի պահանջ է։

Կիսվել նյութով