Ազատ խոսք

Մինչև խոր աշուն լարված շրջան է լինելու, որովհետև բոլորը շտապում են․ Ստյոպա Սաֆարյան

Մինչև խոր աշուն լարված շրջան է լինելու, որովհետև բոլորը շտապում են․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մտադրվել էի հոդվածով անդրադառնալ Ոսկեպարում ռուս սահմանապահ ուղեկալի ու առաջիկայում այլ ուղեկալների տեղակայման “առեղծվածին”, բայց քանի որ մինչև շաբաթավերջ դա չեմ կարողանա անել, ստիպված եմ շատ կարճ գրել, թե իմ կարծիքով ինչ է կատարվում․

Առիթ ունեցել եմ դեռ շաբաթներ առաջ ասել, որ մինչև աշնան վերջ Ալիևը, Պուտինը շտապում են յուրովի։ Պուտինը ցանկանում է արագ բացել երկաթուղին, իսկ Ալիևը դրա դիմաց ցանկանում է Հայաստանի դեռևս թույլ կետում ստանալ “Զանգեզուրի միջանցքը”, միգուցե “անկլավները” և ամենակարևորը՝ դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցեսով Հայաստանին պարտադրել խաղաղության պայմանագրի ստորագրումը և իսպառ փակել Արցախի հարցը։

Ահա հենց այստեղ ամենահետաքրքիրն է․ Պուտինը չի ցանկանում փակել Արցախի հարցը, որովհետև դա կնշանակի Ադրբեջանում այլևս անելիք չունենալ, ընդհուպ հանել իր խաղաղապահներին։ Իսկ Ռուսաստանն այնտեղ նրանց 5 տարով չէ տեղադրել․․․

Արցախի անորոշությունը պետք է Հայաստանի ու Ադրբեջանի համար պահել հավերժ, որպեսզի երկուսն էլ իրենց “լավ պահեն” մրցանակին ու խրախուսանքին արժանանալու համար․․․ Հետևաբար, ռուսական ու ադրբեջանական շահերը դեմարկացիայի ու դելիմիտացիայի “հետևանքների” հարցում տարբերվում են․․․

Պուտին Ալիև Փաշինյան

Իսկ սա էական գործոն է։ Բայց քանի որ Պուտինը չի ցանկանում կորցնել Ալիևին, մի կողմից չի կարող նրան տալ այն, ինչ նա ցանկանում է, մանավանդ, որ ոչ բոլոր հարցերում են շահերը համընկնում, բայց նաև չի կարող բավարարել նրա պահանջներն ամբողջությամբ, քանի որ մյուս կողմում էլ կարող է Հայաստանն իսպառ շրջվել նրա դեմ, եթե կարմիր գծերն անթույլատրելիորեն հատվեն․․․

Տպավորություն է, որ մինչև մայիս Ալիևը սպասում էր, որ Պուտինը կլուծի այդ խնդիրը’ կճնշի Երևանին։ Սակայն Հայաստանում արտահերթ ընտրությունների նշանակումը մի կողմից նրան գայթակղացրեց, մյուս կողմից զայրացրեց, մանավանդ, որ Ռուսաստանն էլ բացահայտ աջակցեց արտահերթ ընտրություններն, հասկացնելով, որ պետք է սպասել դրա արդյունքներին․․․

Գայթակղվելով Հայաստանի ընտրական վիճակով’ Ալիևը չհամբերեց, ու մայիսի 12-ին խախտեց Հայաստանի սահմանը մի զգալի հատվածում ու փորձեց դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը պարտադրված օրակարգ բերել։ Նախկինում Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները կատարելու խոստում տված Ռուսաստանը “չկարողացավ” վերացնել խախտումը և կատարել պարտավորությունները․․․

Հայաստանի վարչապետն առաջարկեց դրվագային “դեմարկացիա”՝ ուժերի հայելային ետքաշման ու ռուս սահմանապահների տեղակայումով՝ սահմանը ճշգրիտ որոշելու վերջնարդյունքով։ Ռուսաստանը “անարձագանք” թողեց Փաշինյանի առաջարկը, քանի որ Ադրբեջանը պնդում էր, որ դեմարկացիան պետք է արվի ամբողջ սահմանագծով, որպեսզի հասնեին “Խաղաղության պայմանագրին” ու Արցախի հարցը փակելուն։

Իսկ Ռուսաստանը հակված չէ փակել Արցախի հարցը, այլ ամենասկզբից առաջարկել է կարգավիճակի հարցը հետաձգել ապագա․․․ Հենց այստեղ է, որ նրան ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է, քանի որ Ֆրանսիան ու ԱՄՆ հակամարտությունը փակված չեն համարում ու գտնում են, որ կարգավիճակը պետք է որոշվի․․․

Ճիշտ է՝ ի տարբերություն Ռուսաստանի, Փարիզն ու Վաշինգթոնը համարում են, որ դա պետք է քննարկվի ու գտնվի այսօր, ոչ թե հեռու ապագայում, ինչպես ասում է Մոսկվան․․․Դրանից հետո Հայաստանի վարչապետն առաջարկում է սահմանապահներ տեղակայել ողջ սահմանագծով․․․ Ռուսաստանը ասում է՝ դա հնարավոր չէ, քանի որ սահմանը հստակեցված չէ․․․ Թվում է, թե դա այն է, ինչ Ադրբեջանն է ուզում․․․

Բայց իրականում կատարվող քայլերն այլ բան են ասում․․․ Հնարավոր է․․․․Եվ ահա ամենակարևորը․ պարզվում է՝ հնարավոր է սահմանապահներ տեղակայել, եթե անգամ դեմարկացիան արված չէ։ Ու դա արվում է՝ երկկողմ՝ Հայաստան-Ռուսաստան պայմանավորվածությամբ․․․ Նոյեմբերյանի/Ոսկեպարի հատվածից բացի ասվում է, որ բացառելի չէ նաև Տավուշի այլ հատվածներում ուղեկալներ տեղակայելը․․․

Պուտին Ալիև Փաշինյան

Ավելին՝ չհաստատված տեղեկություններ են գալիս նաև Գեղարքունիքի մարզում ուղեկալի մասին․․․Ստացվում է՝ որ պաշտոնապես Ռուսաստանը ասում է, թե դա հնարավոր չէ, պետք է դեմարկացիա լինի, ինչը Ադրբեջանի ցանկությունն է, սակայն առանց դեմարկացիայի ուղեկալները դրվում են՝ երկկողմ պայմանավորվածությամբ․․․Ըստ որում՝ Երևանից ասվում է, որ դա արվում է սադրանքները կանխելու համար։

Իսկ սադրանքների ռիսկը իսկապես մեծ է, մանավանդ որ հուլիսին երեք անգամ թշնամին առաջխաղացման փորձ արեց՝ Երասխում, Գեղարքունիքում ու պատժվեց․․․ Եվ եթե սահմանագծի երկայնքով միջադեպերի հաճախակիացման հարցով մտահոգություն է հայտնում ՌԴ ԱԳՆ, Հայաստանին “խելոք պահելու” ուղերձ է հղում Թուրքիայի Անվտանգության խորհուրդը, իսկ ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտարում է, որ լարվածությունը նվազելու միտումներ ցույց չի տալիս, նշանակում է՝ իրավիճակն այնքան էլ պարզերից չէ․․․․ Այս ամենին էլ հավելած Ադրբեջանի ու Հայաստանի ՊՆախարարների կոշտ “փոխհրաձգությունը”․․․․

Իհարկե, ասվածն ամենևին չի նշանակում, թե այս փուլում եթե անգամ կանխվում է Ալիևի ախորժակը, անելով նրա հետ չհամաձայնեցված քայլեր, դա չի նշանակում, թե մոտ ապագայում Ալիև-Պուտին տորգի դաշտը փակված է․․․

Պարզապես, օրերս ոչ պատահականորեն Ռուսաստանի ԱԳՆ հասկացրեց, որ Ալիևը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին անդամակցելու համար, իսկ Փաշինյանն էլ բացահայտեց, որ Ալիևը չի ստորագրում ռուսական խաղաղապահների մանդատը․․․․

Այնպես որ՝ բարդ են ոչ միայն Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները, որտեղ կան համընկնող ու չհամընկնող շահեր, բարդ են նաև Մոսկվայի ու Բաքվի հարաբերությունները, որտեղ նույնպես կան համընկնող ու չհամընկնող շահեր․․․ Եվ Ռուսաստանը, ինչպես ինքն է նկարագրել իր բարդ դերը՝ փորձում է “կողմերի ռազմավարական շահերի հավասարակշռությունն ապահովել”․․․

Հայաստանի ու Ռուսաստանի շահերի անգամ դիպվածային, փոքր շահերի ժամանակավոր համընկնումը չպետք է որևէ կերպ հանգստացնի մեզ, առավել ևս, որ միևնույնն է, սահմանի պաշտպանությունը օտար պետության զինուժին վստահելը կամ նրա հետ պատասխանատվությունը կիսելը մեղմ ասած՝ լավ նշան չէ․․․․ Ինքնիշխանության մասին էլ չասած․․․ Սակայն մենք չպետք է աչքաթող անենք ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարդությունը ողջ ներկապնակով, մանավանդ, որ ավանդաբար այդ շահերի բախումների լուծումը կատարվում է մեր հաշվին․․․

Առայժմ, բացի նկարագրվածը, այլ բացատրություն չունեմ, թե ինչու են Մոսկվայի հրապարակային դիրքորոշումներն ու տեղում կատարած քայլերը հակասում իրար․․․ Ոմանք այն մեկնաբանում են որպես Մոսկվայի կողմից դեմարկացիայի պրոցեսի մոտեցում՝ միգուցե թաքնահարույց․․․

Միգուցե իրավացի են ու խաղը մեր դեմ շրջվելու ռիսկեր նույնպես պարունակում է․․․․ Բայց այս պահին անտեսել էլ հնարավոր չէ, որ դեմարկացիա-դելիմիտացիա պրոցեսի հետ կապված Մոսկվայի ու Բաքվի ակնկալիքներն էլ տարբերվում են ու դա չի կարող արտացոլված չլինել տեղի ունեցող պրոցեսներում․․․ Եվ Մոսկվան չի ցանկանա, որ դելիմիտացիան ու դեմարկացիան ամբողջությամբ արվի այնպես, ինչպես Բաքուն է ցանկանում․․․

Մի խոսքով՝ մինչև խոր աշուն լարված շրջան է լինելու, որովհետև բոլորը շտապում են։ Ու բոլորի՝ ինչ-որ բան ստանալը մեր հաշվին է լինելու։ Այս պահին պետք է գերագույնս հմուտ կառավարել էսկալացիայի ռիսկերը և ճիշտ հասկանալ բոլորի խաղն ընդդեմ բոլորի․․․»։

Share