Մամուլ

Մանվել Գրիգորյանը բոլորից շատ է շահագրգռված, որ տեղի ունենա իրական բացահայտում. Արսեն Մկրտչյան

Analitik.am-ը զրուցեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հիմնավորմամբ է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ որոշումը:

Արսեն Մկրտչյանը նշեց, որ անհիմն կալանք է, անհիմն մերժում՝ նշելով, որ իր սուբյեկտիվ կարծիքով, առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանն ու Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը նույն մոտեցումն ունեն, քանի որ նախկին կոլեգաներ են.

«Իմ խորին համոզմամբ, վաղ, թե ուշ հանրությունը, վարույթն իրականացնող մարմինը և դատախազությունը կգան այն մտքին, որ այս գործով ճշմարտությունը բացահայտելու համար բնավ պարտադիր չէ Մանվել Գրիգորյանին պահել կալանքի տակ, որովհետև ակնհայտ փաստ է, որ նա չի խոչընդոտում ճշմարտության բացահայտմանը: Մանվել Գրիգորյանը բոլորից շատ է շահագրգռված, որպեսզի տեղի ունենա իրական բացահայտում, ինչը կնպաստի նրան, որ հերյուրանքներ հնչեցնող անձինք կզղջան իրենց արածի համար»,- նշեց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով:

Աղբյուր՝ analitik.am

Կիսվել նյութով