ՏեսանյութՔաղաքականություն

Հրայր Թովմասյանի հետքայլով կունենանք մի քանի խնդիրների լուծում․ Լիլիթ Մակունց (Տեսանյութ)

Հրայր Թովմասյանի հետքայլով կունենանք մի քանի խնդիրների լուծում․ Լիլիթ Մակունց։ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը:

-ԱԺ պատվիրակությունը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էր, պատվիրակության կազմում էիք նաև դուք: Ի՞նչ օրակարգով էր ԱԺ պատվիրակությունը ԱՄՆ-ում:

-ԱԺ պատվիրակությունը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ԱՄՆ-ում էր, օրակարգը հիմնականում ներկայացուցչական պալատում ֆորումին մասնակցելն էր, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում էր առաջին անգամ, մասնակից երկրները 16-ն էին: Բացի ֆորումի ձևաչափից՝ մենք վաշինգտոնյան այցի շրջանակներում հանդիպումներ ենք ունեցել կոնգրեսականների, նաև փորձագետների հետ:

Ա. Միրզոյանը բարձր մակարդակով հանդիպումներ է ունեցել Ներկայացուցչական պալատի նախագահի և Սենատի Հանրապետական խմբակցության ղեկավարի հետ: Այցն ուներ ամերիկյան գործընկերների հետ ծանոթության նպատակ, նաև Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին և ընթացիկ բարեփոխումներին նրանց ծանոթացնելու նպատակ և հետաքրքրվել, թե որ ձևաչափով ԱՄՆ կարող է աջակցել այդ ժողովրդավարական գործընթացներին:

-Այնուամենայնիվ, կա՞ փակուղային տրամադրություն՝ կապված ՍԴ-ի հետ:

-ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը իրավական և օրենքի դաշտում պետք է հանգուցալուծում ստանա, բայց պետք է դիտարկենք նաև այս հարցի բարոյական բաղադրիչը: ՀՀ կառավարությունը, ԱԺ-ն կամ ՀՀ նախագահը՝ մենք բոլորս, իհարկե, բացի քաղաքական պատասխանատվությունից, նաև բարոյական պատասխանատվություն ենք զգում իրավիճակը շտկելու առումով, բայց հատկապես ՍԴ ներկա նախագահ Հրայր Թովմասյանի և առհասարակ ՍԴ-ն պետք է կրեն բարոյական պատասխանատվություն:

Մարդկանց անվստահությունը առաջին հերթին պայմանավորված է այն ճանապարհով, որով Հրայր Թովմասյանը դարձել է ՍԴ նախագահ. այդ ճանապարհը մերժելի է և անընդունելի է ՀՀ քաղաքացիների կողմից բարոյական տեսանկյունից: Այս պարագայում, կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ իրավիճակը շտկելու համար բարոյական պատասխանատվություն ստանձնեն թե՛ Հրայր Թովմասյանը և թե՛ ՍԴ-ն:

Կարծում եմ, որ շատ կարևոր կլինի Հրայր Թովմասյանի հետքայլը, նրա հետքայլով մի քանի կարևոր խնդիրներ կլուծվեն. առաջին հերթին դրանով քայլ է կատարվում ՍԴ դերը, հեղինակությունը բարձրացնելու կամ վերականգնելու ուղղությամբ, երկրորդ (մեծ հարգանք ունեմ Հրայր Թովմասյան իրավաբանի, պրոֆեսիոնալի նկատմամբ)՝ կարծում եմ, որ դա կլինի նաև իր անձի շուրջ անվստահությունը չեզոքացնելու և իր հեղինակությունը բարձրացնելու քայլ:

Հետքայլը կարևորում եմ նաև հանրության հետ համերաշխության հաստատման առումով: Ես չեմ ասում, որ սա կլուծի խնդիրը, բայց սա առաջին քայլը կլինի, և նաև շատ կարևոր ազդակ միջազգային հարթակներում՝ նկատի ունեմ մեր պարտավորությունների շրջանակներում: Հետքայլ ասելով՝ նկատի ունեմ ամեն ինչ, ընդհուպ նաև հրաժարական:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ 1in.am-ի տեսանյութում:

Կիսվել էջում