Ազատ խոսքՄամուլ

«Հանրաքվեն միակ հանգուցալուծումն է ստեղծված փակուղային հանգրվանում». Բորիս Նավասարդյան

«Հանրաքվեն միակ հանգուցալուծումն է ստեղծված փակուղային հանգրվանում». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրաքվեն` արդյունք է մեր իշխանությունների ոչ հետևողական, ոչ արդյունավետ և մի շարք իրավիճակներում ոչ սկզբունքային գործողությունների, ինչպես նաև մեր հասարակության այդպես էլ չբուժված հիվանդությունների:

Այսքանը հասկացանք, արձանագրեցինք ու ներկա պահին դա չէ ամենաարդիական հարցը:

Հանրաքվեն միակ հանգուցալուծումն է ստեղծված փակուղային հանգրվանում, ու այլևս առավել կարևորը ոչ թե դրա վերաբերյալ ընդունված որոշման քննարկումն է, այլ դրա անցկացման հետ կապված բազմաթիվ ռիսկերի բացառումն է, խուսափումը, կամ գոնե բացասական ազդեցության նվազեցումը:

Բացառելը վերաբերում է այն երևույթների, որոնց դրսորումը կնշանակի հեղափոխության պարտությունը:

Խուսափելը` նրանց, որոնք կխոչընդոտեն հանրաքվեից հետո նոր, ավելի առողջ մթնոլորտի ձեևավորմանը: Նվազեցնելը` այն երևույթների, որոնց դրսևորումները անխուսափելի են, բայց վնասները վճրորոշ չեն:

Սա է ամենաակնհայտ ռիսկերի իմ գնահատումը.

– Բացառել հանրաքվեի արդյունքների և ընթացքի օրինականության վերաբերյալ որևէ կասկածներ:

Հանրաքվեն պիտի ավելի մաքուր լինի, քան 2018֊ի դեկտեմբերյան ընտրությունները:

Թեև վերջինները դրականորեն տարբերվում էին բոլոր նախորդ համապետական ընտրություններից, սակայն դրանց ընթացքում ֆավորիտ քաղական ուժը առանձին դեպքերում օգտվում էր որոշ անձերի, կազմակերպությունների և նույնիսկ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների «հատուկ վերաբերմունքից»: Դա չպետք է կրկնվի:

– Բացառել «Իմ քայլի» կողմից «այո»-ի ընկալումը որպես կարտ֊բլանշ իշխանությունը մենաշնորհելու ու մյուսների շահերը, այլընտրանքային մոտեցումները արհամարելու համար:

Փետրվարի 6-ի ԱԺ֊ի նիստում որոշ «իմքայլականների» ելույթները ցույց տվեցին, որ «թայֆապետության» նկատմամբ «իմունադեֆիցիտ» ունեն:

Իսկ «ոչ»-ի դեպքում պիտի բացառվի արտահերթ խորհդարանական ընտրություններին դիմադրելու միտում:

– Խուսափել հանրաքվեի ու Արցախում նախագահական ընտրությունների ժամանակային համընկումը որպես մեկ քաղաքական արշավ դիտարկելուց:

Այդ երկու իրադարձությունները միասնական նպատակի հասնելու միջոցներ են, սակայն տարբեր են՝ օրակարգերի առումով:

Քարոզչական մարտավարության շրջանակներում այդ օրակարգերն իրար «կպցնելը» կարող է միայն մարդկանց շփոթեցնելու նպատակ հետապնդել:

– Խուսափել քաղհասարակության գոնե մեծամասնության գործունեությունում հանրաքվեի համատեքստում քաղաքական համակրանքների դրսևորումների ու խմբակային շահերի գերակայությունը:

ՀԿ-ները մեծ ներուժ են կուտակել քարոզարշավի և քվեարկության ընթացքի վրա դրականորեն ազդելու համար:

Միևնույն ժամանակ ակնհայտ և ինչ֊որ տեղ օրինաչափ ճգնաժամի մեջ են հայտնվել 2018-ի գառնան իրադարձություններից հետո և մեծ մասամբ վատնում են իրենց հնարավորությունները:

Հանրաքվեն լավ առիթ է բուն առաքելությանը վերադառնալու համար:

– Նվազեցնել լրատվամիջոցների բացասական ազդեցությունը հանրաքվեի վերաբերյալ քաղաքացիների կողմնորոշմնան ու գիտակից, իրազեկ ընտրություն կատարելու վրա:

2018-ի ընտրությունների ժամանակ դա մասամբ հաջողվել էր, բայց դրանից հետո ոլորտում տեղի են ունեցել մտահոգիչ զարգացումներ:

Սա նեղ մասնագիտական թեմա է, այդ պատճառով ասյտեղ էլ չեմ ծավալվի»:

Կիսվել նյութով