Մամուլ

Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը, ազատ արձակվեցին․ նրանցից մեկը կմնա տնային կալանքի տակ

Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը, ազատ արձակվեցին․ նրանցից մեկը կմնա տնային կալանքի տակ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ՝ ձերբակալված՝ Երևանի բնակիչներ 45-ամյա Գևորգ Մանուկյանն ու 32-ամյա Արսեն Կիրակոսյանն ազատ են արձակվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․ Մանուկյանը, ով Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, ձերբակալվածների պահման վայրից է ազատ արձակվել, իսկ վերջինիս վարորդ Ա․ Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Crauser մակնիշի 06 LS 600 համարանիշի ավտոմեքենայում զինված քաղաքացի կա։

Ոստիկաննները Խորենացու փողոցի 28 հասցեի մոտ ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում ու Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Գևորգ Մանուկյանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արսեն Կիրակոսյանին։

Վերջինս լինում է վարորդը, ում անձնական խուզարկությամբ ձեռքի պայուսակում հայտնաբերվում է 9մմ տ/չ «Մակարով» տիպի առանց գործարանային համարի մարտական ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 8 փամփուշտ:

Toyota Land Crauser-ը տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ Գ․Մանուկյանն ու Ա․Կիրակոսյանը ներկայացվում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ, ձերբակալվել ու տեղափոխվել են Ձերբակալվածների պահման վայր (КПЗ):

Աղբյուրի տեղեկություններով, Գ․Մանուկյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, իսկ Ա․ Կիրակոսյանը` վերջինիս վարորդը։

Կիսվել էջում