Մամուլ

Հայաստանում ստեղծվել է սարքավորում, որով հնարավոր կլինի որսալ անտառներում սղոցի ձայնը, հրդեհները

Հայաստանում անտառահատումները բացահայտելու համար նոր սարքավորում է ստեղծվել: «Հայ-Թեք Գեթվեյ» ընկերության Վանաձորի գրասենյակը ստեղծել է մի սարքավորում, որով հնարավոր է որսալ էլեկտրական սղոցի ձայնը, անտառային հրդեհները եւ  ազդանշան տալ համապատասխան անձանց:

Ընկերության Վանաձորի գրասենյակի ղեկավար Սվետա Ջաղացպանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ է իրենից ներկայացնում սարքը:

– Սվետա, տեղյակ ենք, որ «Հայ-Թեք Գեթվեյ»-ը անտառի պահպանության համար նոր սարքավորում է ստեղծել: Ի՞նչ է այդ սարքավորումն իրենից ներկայացնում:

– Համակարգը կոչվում է՝ «Forest guard»: Դա խելացի սենսորային IOT համակարգ է, որը նախատեսված է անտառներում ապօրինի ծառահատման, հրդեհների, մեքենաների ապօրինի մուտքի տեղորոշման եւ կանխարգելման համար:

– Ի՞նչ մեխանիզմներով է սարքն աշխատում: Ինչպե՞ս է ֆիքսում:

– Սղոցի ձայնի, հրդեհի՝ այսինքն ջերմաստիճանի կտրուկ բարձրացման, ծխի մեծ ծավալի դեպքում կամ մեքենայի ձայնի առկայության դեպքում անմիջապես ազդանշան է ուղարկում եւ  ի տարբերություն նման մյուս համակարգերի` ազդանշանը ուղարկում է շատ արագ՝ մեկ-երկու վայրկյանի ընթացքում:

Մյուս նման համակարգերը ազդանշանն ուղարկում են ընդամենը 10 րոպե հետո: Խնայում է էլեկտրաէներգիա, մենք կարող ենք մարտկոցները փոխել յուրաքանչյուր 4-6 տարին մեկ: Այսինքն վերանում է 4-5 ամիսը մեկ սարքերն իջեցնելու եւ մարտկոցները փոխելու խնդիրը, որը նաեւ շատ ծախսատար է, բայց նաեւ ժամանակատար է եւ հոգնեցնող:

– «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում այժմ քանի՞ անտառում է աշխատում այդ սարքավորումը:

– Հիմա միայն Ստեփանավանում ենք դրել: Սա զուտ պիլոտային ծրագիր է: Այսինքն՝ հիմա մեր նպատակն այն չէ, թե ինչ վիճակագրություն կա, քանի ծառ են կտրում: Մենք 1 կիլոմետր քառակուսի տարածք ենք ծածկել սենսորներով, մեր նպատակն է տեսնել եղանակային պայմանների ազդեցությունը սարքերի վրա, եւ եթե լինեն ծրագրային բացեր՝ ուղղենք, որ ստանանք իդեալական, նորմալ աշխատող պրոդուկտ:

– Այս պահին կա՞ պայմանավորվածություն բոլոր անտառներում հետագայում այդ սարքավորումը տեղադրելու վերաբերյալ:

– Կառավարությունը շատ է հավանել նախագիծը: Տեղյակ եմ, որ հաջող պիլոտայինի ավարտից հետո մեծ է հավանականությունը, որ սարքերի պատվեր կստանանք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով