Ազատ խոսք

Կարսի պայմանագրի 100 տարվա միֆը և իրականությունը. Նաիրի Հոխիկյան

Կարսի պայմանագրի 100 տարվա միֆը և իրականությունը. Նաիրի Հոխիկյան

Փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարսի պայմանագրի 100 տարվա միֆը և իրականությունը․

Հայ հանրության մեջ ակտիվորեն շրջանառվում է խոսակցություն, թե 2021-ի մարտ ամսից հետո լրանում է Մոսկվայի, ապա Կարսի պայմանագրերի կնքման 100 տարին, և եթե Ռուսաստանը այն չվերակնքի Թուրքիայի հետ, ապա Արևմտյան Հայաստանի տարածքի մեծ մասը իրավունքի ուժով կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը, այսինքն՝ մեզ։

Պատմաբաններն ու քաղաքագետներն, իհարկե, հիմա հեգնանքով կժպտան, բայց ինքս ստիպված եմ լայն հասարակությանը ներկայացնել այն իրողությունը, որը կա մեր շրջապատում։

1․ Մոսկվայի պայմանագիրը Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև ստորագրվել է 1921թ․ մարտի 16-ին, որով հայկական տարածքների մեծ մասը ապօրինի կերպով հանձնվել է Թուրքիային։ Փաստացի տեղի է ունեցել առևտուր մեր հաշվին՝ բոլշևիկների (չշփոթել ռուս ժողովրդի հետ) և թուրքերի միջև։ Այդ ժամանակ միջազգային իրավական սուբյեկտ չէին ոչ Խորհրդային Ռուսաստանը, ոչ էլ Քեմալական Թուրքիան, հետևաբար պայմանագիրը իրավական ուժ չունի։

Կարսի պայմանագրի

2․ Դրան հաջորդած մյուս նմանատիպ պայմանագիրը ստորագրվել է 1921թ․ հոկտեմբերի 13-ին՝ Կարսում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Այդ պայմանագիրը նույն Մոսկվայի պայմանագրի կրկնությունն էր։ Դրանով վերջնականապես Թուրքիային են հանձնվել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը։ Հայաստանը կորցրեց իր այն ժամանակվա տարածքի գրեթե կեսը։

Կարևոր է իմանալ, որ Կարսի պայմանագիրը ևս ապօրինի է, քանի որ ստորագրող որևէ երկիր այդ ժամանակ միջազգայնորեն ճանաչված չէր, հետևաբար պայմանագիր կնքելու իրավունք չուներ, ավելին, այդ պայմանագրերը նույնիսկ չեն վավերացվել ստորագրող երկրներում (բացառությամբ Թուրքիայի)։

3․ Շրջանառվող թեզը, թե 2021-ին լրանում է այդ պայմանագրերի գործողության 100 տարին, և դրանք պետք է վերակնքվեն, ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳ Է, որը նպատակ ունի շեղել հայ հանրությանը այսօրվա գլխավոր խնդիրներից։

4․ Մոսկվայի պայմանագիրը, ըստ դիվանագետ Լևոն Էյրամջյանցի (1954-2001) ուսումնասիրության, կնքվել է 25 տարի ժամկետով։ 1921-ից 25 տարի հետո դառնում է 1946 թվականը։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև որևէ պայմանագրային թարմացում չի կատարվել, քանի որ նոր էր ավարտվել Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ նշված պետությունները բարիկադի տարբեր կողմերում էին։

Նույնը վերաբերում է նաև Կարսի պայմանագրին։ ՀԵՏԵՎԱԲԱՐ․ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը ժամկետանց են արդեն 75 տարի, և չկա նշված պայմանագրերի գործողության ժամկետի 100 տարի երևույթ։ Կրկնում եմ, դա կեղծիք է, որը նպատակ ունի շեղել հայ հանրության ուշադրությունը այսօր տեղի ունեցող աղետալի երևույթներից։

ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՏԱՐԱԾՈՒՄ․

Կարս

Կարող եմ ենթադրել, թե որ աղբյուրներից են շրջանառության մեջ դրվել նշված պայմանագրերի ավարտի մասին ոգևորող լուրերը։ Ինչպես միշտ՝ հենվելով ամբոխավարության սկզբունքների վրա՝ ՀՀ-ի համար պատասխանատու պաշտոնյաները փորձում են հանրության քիչ տեղեկացված, ոչ մասնագետ, զգացմունքներով առաջնորդվող հատվածին ապակողմնորոշել, ապագայի վառ երազանքների իրականացման տեսլականով խաբել, որպեսզի հանրությունը աչք փակի այսօրվա աղետալի իրողությունների վրա։

Մարդկանց հաճախ ասում են՝ Արցախի տարածքների մեծ մասի կորուստը ի՞նչ է, դուք տեսեք, թե մի քանի ամիս հետո ոնց են մեզ տալու Կարսը, Արդահանը, Ալաշկերտը, Մասիս սարն ու մյուս տարածքները։

Այսպիսի շքեղ խոստումներ լսող միջին վիճակագրական, անտեղյակ հայը, իհարկե, աչք կփակի այսօրվա խնդիրների վրա, չի ըմբոստանա ՀՀ Սյունիքի մարզի, մյուս սահմանամերձ մարզերի որոշ տարածքներ, Արցախից հսկայական հողեր թշնամուն հանձնելու դեմ՝ հույսեր փայփայելով, թե վաղը տեր է լինելու իր պապենական մյուս հողերին, ոչինչ, որ պիտի զոհաբերենք Արցախը։

Ավելին՝ այդ հողերը մեզ տալու են ռուսները, առանց կռվի․․․ Ինչպիսի՜ տրամաբանություն։ Սիրելի հայրենակիցներ, որպեսզի հերթական անգամ ազգովի չհայտնվենք խաբված վիճակում, նախ պետք է վստահ լինեք՝ Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի մասին մեծ խոստումներ տվող ու 2021-ը պատմական հողերի տարի անվանող մարդիկ ձեզ առնվազն հիմարի տեղ են դնում։

Այդպիսի պաշտոնյաներին պետք է ուղարկել գրողի ծոցը և իմանալ մեկ ճշմարտություն՝

ՉԿԱ ԿԱՐՍԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ 100 ՏԱՐԻ, ԴԱ ԿԵՂԾԻՔ Է։

Թուրքիան այսօր էլ շարունակում է պահանջել, որ Հայաստանը ճանաչի Կարսի պայմանագրի օրինականությունը։ Չեմ բացառում, որ Հայաստանը 2021-ին կարող է ընդառաջ գնալ Թուրքիայի պահանջներին և Կարսի պայմանագրի ստորագրման 100-ամյակին վավերացնել այն։ Այ, այդ դեպքում մենք պիտի հավերժ մոռանանք մեր պատմական հողերին օրինական կերպով տեր դառնալու հնարավորության մասին»։

Share