Մամուլ

Կարեն Կարապետյանի կնոջը, երեխաներին մեր հանրության 90 տոկոսը դեմքով չի ճանաչում, Նիկոլ Փաշինյանի կինն ու աղջիկները Coca-cola-ից հայտնի են

Կարեն Կարապետյանի կնոջը, երեխաներին մեր հանրության 90 տոկոսը դեմքով չի ճանաչում, Նիկոլ Փաշինյանի կինն ու աղջիկները Coca-cola-ից հայտնի են

Alternativ.am-ը գրում է․ Մեր հարևան Վալոդը, տանը նստած կարանտինի պարապ վախտերով, վերցրեց մի օր տարբեր ժամանակների ղեկավարների նկարները, դրեց իրար կողք ու սկսեց նայել, համեմատել։ Ու շատ անհարմար բան ստացվեց։

Կարեն Կարապետյան VS Նիկոլ Փաշինյան

Նայե՛ք անցած ճանապարհն ու հեղինակությունը. Ռուսաստաների նախագահների, վարչապետների հետ տված-առած, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկին խորհրդային տարածաշրջանում լավագույն կառավարիչ, արա դաժե Ռուսաստանի կառավարության խորհրդատու։ Տնտեսական արդյունքներից եթե խոսենք, ապա ևս հետաքրքիր է. եթե որևէ ոլորտում տնտեսական արդյունք կա, ապա դա Կարեն Կարապետյանի օրոք ցանած սերմերի արդյունքն է՝ ավտոմեքենանների մաքսատուրքեր և այլն։

Բա կենսագրությունը. ՀՀ Պետպլանի հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, այնուհետև` գիտաշխատող, սեկտորի վարիչ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում, եղել է գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայի, «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ, «Հայէներգո» ՊՁ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, «Հայէներգո» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ Երևանի քաղաքապետ, «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի առաջին փոխնախագահ, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» խորհրդի անդամ…։

Նայեց Նիկոլին՝ թերի միջնակարգ կրթությամբ, կյանքում 10 հոգու չկառավարած, որևէ ոլորտից խորքային գիտելիք չունեցող մարդ։ Հոդվածներ է տպել «Ավանգարդ», «Հայաստան», «Դպրություն», «Լրագիր» թերթերում, եղել է «Օրագիր», «Հայկական ժամանակ» թերթերի գլխավոր խմբագիր։ Հա երկու տող էլ չկա մարդու կենսագրությունը, բայց արի ու տես՝ Վարչապետ դարձավ։

Հետո հիշեց, որ Կարեն Կարապետյանը մեկ օր էլ չապրեց կառավարական ամառանոցում, իսկ Նիկոլը հերիք չի ապրեց, հետն էլ 2 միլիոնով վերանորոգեց այն։ Կարեն Կարապետյանի կնոջը, երեխաներին մեր հանրության 90 տոկոսը դեմքով չի ճանաչում, Նիկոլ Փաշինյանի կինն ու աղջիկները Coca-cola-ից հայտնի են։ Մեր հարևան Վալոդը մատը կծեց։

Արա Բաբլոյան VS Արարատ Միրզոյան

Էլի անհարմար բան ստացվեց։ Մինչև պատգամավոր դառնալը Արարատ Միրզոյանի ամենաբարձր պաշտոնն արխիվի գլխավոր մասնագետ լինելն է եղել։ Հանրությանն էլ հայտնի է եղել մարիխուանան օրինականացնելու, Աստծո գոյությունը ժխտելու իր համոզմունքով։ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, Հայաստանի ազգային արխիվի՝ հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ, «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում չգիտեմ ինչ, վերլուծաբան՝ «Ռեգնում» գործակալությունում, IFE-ում՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող, NIMD քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արա Բաբլոյան. միջազգային ճանաչում ունեցող բժիշկ է։ Երկրի համար ամենածանր պայմաններում եղել է առողջապահության նախարար, հազարավոր երեխանների կյանք փրկած, հավասարակշռված, կշռադատված խոսքով մարդ։

Մանկական վիրաբույժ և ուռոլոգ տարբեր հիվանդանոցներում, Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուռոլոգիական բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, երիկամի փոխպատվաստման մասնագիտացում Շվեյցարիայում և Բելգիայում, Մասնագիտացված ուռոնեֆրոլոգիայի և մանկական վիրաբուժության կենտրոն հիմնադիր, 1991-1997 թվականներին ՀՀ առողջապահության նախարար, «Արաբկիր» բժշկական համալիր՝ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հիմնադիր, ԵՊԲՀ մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, Հայաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի անդամ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, 3 գյուտերի, 4 մենագրության, 160-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։

Մեր հարևան Վալոդը սկսեց զարմանալ։ Շարունակելուց առաջ որոշեց դուրս գա բալկոն ծխելու, կնոջից՝ Վարդուշից էլ ապահովության համար մի բաժակ ջուր ուզեց։ Արդեն ջոկում էր, որ դժվարա լինելու. Հասել էր Ավինյանին՝ քաղաքական համակարգի համար մե անհայտ էակի, ում ամենաբարձր պաշտոնը բանկերից մեկում գլխավոր մասնագետի աշխատանքային բագաժն էր։

Վաչե Գաբրիելյան VS Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյան. Զարգացման Հայկական Բանկում բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ, ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերության ղեկավար, ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու, «Սայբեր Վիժըն» ընկերության ղեկավար, Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ։

Դե հիմա համեմատենք մեր երկրի տնտեսական համակարգի ինստիտուցիոնալ հիշողության կրողը համարվող Վաչե Գաբրիելյանի հետ։ Վաչեի ճակատագիրը, Վաչեի ձեռքը բռնած տարել է բոլոր պաշտոններով, որպեսզի դառնա փոխվարչապետ՝ ես չեմ՝ դուք եք, դե նայեք, թե ինչ աշխատանքային կենսագրություն ունի․

ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետների դասախոս, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, կենտրոնական բանկի խորհրդի անդամ, կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, ֆինանսների նախարար, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ, Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող։

Արմեն Գևորգյան VS Մհեր Գրիգորյան

Հարևան Վալոդի զարկերակային ճնշումը կամաց-կամաց սկսեց բարձրանալ։ Փորձությունը չէր ավարտվել։ Մհերի կենսագրությունը իհարկե Ավինյանինից լավն է, բայց դե…

Մհեր Գրիգորյան. Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ, ՀՀ կենտրոնական բանկի իրավաբան, այնուհետև՝ ավագ իրավաբան-խորհրդատու, իրավաբանական վարչության ղեկավար, «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ)՝ իրավաբանական ծառայության ղեկավար, գործառնական տնօրեն, HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավար, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ։ Բանկ Բանկ Բանկ։

Արմեն Գևորգյան․ ՀՀ վարչապետի օգնական, ՀՀ Նախագահի օգնական, ՀՀ Նախագահի առաջին օգնական, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող, փոխվարչապետ։ Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական ճարտարապետներից մեկը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում