Մամուլ

«Թողեք մի տեղ պառկեմ, մեռնեմ». Կալանավոր կնոջը պատգարակով քարշ են տալիս հիվանդանոցից հիվանդանոց․ «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Քրիստինե Մալխասյանին հիվանդանոցից հիվանդանոց են տանում՝ սպասելով վերջին շնչին: Նա ընդամենը 51 տարեկան է, բայց արդեն առնվազն 75 տարեկանի տեսք ունի:

Ոտքերին հնարավոր չէ նայել` ամբողջությամբ արյան ու թարախի մեջ են: Ջերմությունը չի իջնում: Չի ուտում: Անընդհատ սրտխառնոց ունի: Վաղուց չի քայլում: Ոտքերի երկայնքով մեկ սարսափելի արնաշաղախ թարախային խոցեր են:

Հունվարից Քրիստինե Մալխասյանը գտնվում է նախնական կալանքի տակ։ Մեղադրանքը՝ խարդախություն: Սեփական բնակարանի վաճառքի շուրջ առաջացած սովորական գումարային վեճը մեր քննչական մարմինները շտապել են որակել որպես քրեական հանցանք ու ամենախիստ խափանման միջոցն են կիրառել հիվանդ, բազմաթիվ վիրահատությունների ենթարկված կնոջ նկատմամբ՝ կալանքը:

Բանտում անցկացրած ամիսներին Քրիստինեի առողջական խնդիրները սրվել են: Կալանքը նրա համար վերածվել է դանդաղ, տանջալից մահապատժի: Անգամ «Աբովյան» ՔԿՀ-ում նրան չեն ուզում պահել, որովհետեւ ի վիճակի չեն խնամքն ապահովելու:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ -ի տրամադրած էպիկրիզում, որտեղ կնոջը կարճ ժամանակով պառկեցրել էին, նշված է, որ առկա է երիկամների սուր վնասում ծանր աստիճանի զարգացած խրոնիկ երիկամային հիվանդության ֆոնին, «տերմինալ փուլ սուր հեմոդիալիզային ընթացքով», ծանր աստիճանի կախեքսիա, այսինքն՝ օրգանիզմի ծայրահեղ հյուծվածություն, շաքարային դիաբեթ եւ էլի մեկը մյուսից սարսափելի տերմինների մի երկար շարան:

Մարմնական վիճակն էլ ավելի սարսափելի է. կինն ունի աջ նստատեղի գոտային քառորդում՝ բաց աբսցես, վերին դրսային քառորդում՝ թարախային վարակ: «Ամբողջ հետույքը խոցերի մեջ է, մինչև ոսկորը բաց է, արյունն ու թարախը գնում են։ Այսպիսի ծանր վիճակով ամեն օր դիալիզ են արել…»,- սարսուռով պատմում է Քրիստինեի դուստրը՝ Անին:

Նա ասում է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը իր մորը մի հաստատությունից մյուսն է տեղափոխել, բայց բացի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից մյուս բոլոր տեղերում կնոջը պարզապես փակել են դռների հետեւում, թողնելով անօգնական վիճակում: Երբ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լրացել է նրան պահելու ժամանակը, կալանավայրը հրաժարվել է հետ ընդունել անկողնային հիվանդին:

Քրիստինեին տեղափոխել են գերատեսչական խնամքի կենտրոն, որտեղ, հարազատների պնդմամբ, երկու օր շարունակ ոչ ոք դուռը չի բացել։ Մարդը սեփական արյան, թարախի եւ մեզի մեջ, առանց տակդիրը փոխելու, պառկած է մնացել 2 օր:

«Մեր հիվանդը չի, չենք կարող բուժօգնություն ցույց տալ»,- ահա կենտրոնի պատասխանը։ Այնուհետև, ինչպես պատմում են Քրիստինեի դուստրերը՝ Անին եւ Ռուզաննան, կալանավայրի պետի հրահանգով, իրենց մորը «մեքենայով բերել գցել են» մաշկավեներական հիվանդանոց, որտեղ հիմա նա մեկուսացված է մի սենյակում։ Բաժնի պետն էլ անկեղծացել է, թե ինքը ընդունել է, ապաստարան է տվել, բայց իրենց պրոֆիլը չէ։

«Անալիզները սարսափելի են: Հեմոգլոբինի տոկոսը 65 է, երբ նորման 140-150 է, ամեն վայրկյան կարող է սկսվել արյան վարակ (սեպսիս), մամայիս ոտքը կարող է ամպուտացվել։ Այսօր էլ առաջարկել են տեղափոխել հարևանությամբ գտնվող այրվածքաբանական կենտրոն, որտեղ կա ռեանիմացիա:

Ոչ մի բուժում, ոչ մի իրական խնամք. մարդուն պարզապես պատգարակով տանում, մի տեղից մյուսն են շպրտում, ինչպես ավելորդ բեռ», – պատմում է Քրիստինեի դուստրը։ Պատգարակի ամեն մի դմփոցից ու շարժումից բաց խոցերը սկսում են արյունահոսել, ցավը դառնում է անտանելի, եւ Քրիստինեն այլեւս հրաժարվում է տեղաշարժվել. «Ինձ թողեք այս մի մահճակալի վրա մնամ, թողեք մի տեղ պառկեմ, մեռնեմ…», – ասել է նա աղջիկներին։

«Պետության տրամադրված հանրային պաշտպանը, անունը՝ Ալեքս, նույնիսկ վստահ չէ՝ ի՞նքն է զբաղվում այս գործով, թե՞ ոչ. «Չգիտեմ, երևի ես եմ»,- ասաց նա, երբ իրեն զանգեցի: Վճարովի փաստաբան ներգրավելն էլ անհնար է, քանի որ նրան թույլ չեն տալիս մտնել մամայիս մոտ:

Ասում են՝ դիմեք դատարան, իսկ դատարանի պատասխանին սպասելու օրեր մաման չունի: Տուպիկի առաջ ենք կանգնել», – պատմում է Քրիստինեի դուստրը՝ Ռուզաննան:

Աղջիկները պահանջում են փոխել իրենց մոր կալանքի որոշումը, քանի որ նրա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, պահանջում են գոնե տնային կալանք սահմանել, որ կարողանան բուժել մորը, տանելի պայմաններ ապահովել հիվանդի համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք ձեր էջում