ՄամուլՏեսանյութ

Երևանի 82 հիմնական դպրոցի մինուճարն ու «գնդի որդին»՝ Լևոն Չատինյանը (Տեսանյութ)

Երևանի 82 հիմնական դպրոցի մինուճարն ու «գնդի որդին»՝ Լևոն Չատինյանը (Տեսանյութ)

168.am-ը գրում է․ Արցախյան 44-օրյա պատերազմը խլեց հազարավոր հայորդիների կյանքեր, որոնք սեփական կյանքը դրեցին հայրենիքի պաշտպանության գործում։

20-ամյա Լևոն Չատինյանն այդ հայորդիներից մեկն էր, ով մեծ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ էր մեկնել Արցախ ծառայության։

Լևոնը տան միակ զավակն էր․ օդաչու, զինվոր ու հերոս դառնալու երազանքով էր առաջին քայլերը սկսել Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան 82 հիմնական դպրոցից։

Մանկավարժի ընտանիքում մեծացած Լևոնը դաստիարակվել էր մեծ հայրենասիրական ոգով և այդ ոգով էլ նա հերոսաբար մարտնչել ու զոհվել էր իրեն վստահված դիրքը պաշտպանելիս։

Լևոնը հունվարին զորացրվելու էր, նրա հետ մայրը վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 2-ին, որից հետո նրա հետ այլևս չի հաջողվել կապ հաստատել․ 55-օրյա փնտրտուքներից հետո գտան նահատակված հերոսին, զոհվել էր բազմաբեկորային վիրավորումից։

levon zatinyan

Լևոնի հարազատ դպրոցում բոլորը նրա մասին ներկայով են խոսում, ասում են՝ Լևոնը ոչ միայն իր ծնողների մինուճարն էր, այլև դպրոցի։ Մինչև դպրոց հաճախելը, Լևոնը հաճախ էր մանկավարժ մայրիկի հետ գնացել դպրոց, նստել դասարանում ու սպասել, մինչև մայրիկը կավարտի դասերը․ այդպես նա դարձել է դպրոցի մինուճարը։

«Լևոնը մեր մինուճարն էր, մենք միշտ այդպես էինք ասում, անգամ ուներ հատուկ անուն՝ «գնդի որդի», որը վաստակել էր վաղուց, երբ առաջին քայլերն էր արել և մայրիկի՝ ընկեր Մարգարյանի հետ ոտք դրել դպրոց։ Երբ ընկեր Մարգարյանի հետ խոսում էինք ու փորձում ասել, թե որքանով ենք իրար հասկանում ծնող լինելու պարագայում, միշտ ասում էինք, որ երկուսս էլ մինուճար ունենք։

Հետևաբար՝ շատ լավ էինք հասկանում մեկ երեխա ունենալու անհանգստությունները, լավ ու վատ կողմերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան 82 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Ասլանյանը, ում համար Լևոնը դարձել է 44-օրյա պատերազմի խորհրդանիշը։

Տնօրենը վստահ է, որ Լևոնը երբեք չէր լքի իր պատասխանատվության տակ գտնվող դիրքը, որևէ իրավիճակում չէր ընկճվի, եթե անգամ նահանջի հրաման լիներ՝ չէր լքի դիրքը։

Առավել մանրամասն՝ 168․am-ի տեսանյութում

Կիսվել նյութով