Մամուլ

«Ես հետ չեմ կանգնում իմ եղբոր գրածից, ինչ ասել ա՝ տեր եմ»․ Տիգրան Արզաքանցյան

«Ես հետ չեմ կանգնում իմ եղբոր գրածից, ինչ ասել ա՝ տեր եմ»․ Տիգրան Արզաքանցյան

ArmLur.am-ի հետ զրույցում գործարար Տիրգրան Արզաքանցյանը հաստատեց, որ իրեն հրավիրել են հարցաքննության ՀՀ քննչական կոմիտե: Պարզվում է, որ Տիգրան Արզաքանցյանին միայն իր եղբոր դեմ հարուցված քրեական գործով չեն կանչել հարցաքննության, նաեւ այլ քրեական գործով են հրավիրել ՀՀ քննչական կոմիտե:

Գործարար Տիգրան Արզաքանցյանը մանրամասնել է, թե ինչ նպատակով են իրեն հրավիրել Քննչական կոմիտե։ Armlur.am-ի հարցին՝ Ձեր եղբոր նկատմամբ ՔԿ-ն գործ էր հարուցել, միայն այդ նպատակո՞վ էին հրավիրել, գործարարը պատասխանել է․

«Հրավիրել են՝ թե որտեղի՞ց ես ճանաչում Վարդան Այվազյանին, որտեղի՞ց ես ճանաչում էս ինչ մարդուն, ա՜յ քեզ բան՝ որտեղից եմ ճանաչում, կյանք ա, հիմի ինչ ասեմ․․․ խորհրդարանում պատգամավոր ենք եղել, ծանոթացել ենք, հանձնաժողովի ղեկավարն է եղել, համագործակցել ենք իրար հետ․․․»,- ասաց նա՝ նշելով, որ վկայի կարգավիճակով է ներկայացել ՔԿ։

«Իմ հորեղբոր տղայի գրածի պատճառով էլ են կանչել։ Ինքն առանց փաստաբանի է գնացել, գրել․ սխալ բառեր է օգտագործել։ Ես հետ չեմ կանգնում իմ եղբոր գրածից, ինչ ասել ա՝ ես էլ տեր եմ իր ասածին, խնդիր չկա, որովհետև մենք հանցագործություն չենք կատարել, միայն լավ բաներ ենք արել»,- ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ է եղբայրը Արզաքանցյանի անունը տվել, վերջինը պատասխանեց․ «Որովհետև ես էդ ընկերությունում, էդ գործի մեջ փայատեր եմ եղել»։

Իսկ թե իրավապահները գործը փակե՞լ են, ասաց, որ տեղյակ չէ։

tigran arzaqancyan

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի քրեական գործը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2018թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարտավոր լինելով գործել ընկերության շահերի շրջանակներում, իր լիազորություններն օգտագործել է ընկերության շահերին հակառակ` ուրիշ անձանց օգտին, այն է` իր ղեկավարած ՓԲ ընկերության հետ որևէ առնչություն չունեցող տնտեսվարող սուբյեկտների բանկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրել է ընկերությանը պատկանող դրամական միջոցները:

Ըստ նախաքննական մարմնի` գրավադրել է, նախնական տվյալներով, 6.251.200 ԱՄՆ դոլար, որն ընկերությունը հետագայում կորցրել է նշված ընկերությունների կողմից իրենց բանկային պարտավորությունները չկատարելու հետևանքով: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա` նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:

Լրատվամիջոցի տեղեկություններով` ՓԲ ընկերության նախկին տնօրենը ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եղբայրն է, որին մեղադարանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին:

Կիսվել նյութով