ՄամուլՏեսանյութ

«Եղունգը քաշել են, մարմինը վնասել»․ ինչ է կատարվել խնամքի կենտրոնում

Երևանում գործող տարեցների խնամքի մասնավոր կենտրոններից մեկում, հարազատների պնդմամբ, ուղեղի կաթված տարած և դեմենցիայով տառապող տարեց տղամարդուն ժամեր շարունակ անօգնական վիճակում են թողել։ Ընտանիքը ահազանգում է, որ կենտրոնում տղամարդու նկատմամբ պատշաճ խնամք չի իրականացվել, իսկ նրա առողջական վիճակի վատթարացման մասին հարազատներին չեն տեղեկացրել։

Ուղեղի կաթված ստացած, դեմենցիայով տառապող Գագիկ Մխիթարյանը Երևանում գործող խնամքի կենտրոնում շուրջ մեկ ամիս է գտնվել։ Նրա դստեր՝ Աննայի խոսքով՝ 60-ամյա հորը ժամանակավորապես՝ մեկ ամսով, ստիպված են եղել խնամքի կենտրոնում թողնել, քանի որ մայրը պետք է մեկներ Միացյալ Նահանգներ՝ դստեր մոտ։

«Ով պետք է գար տուն, խնամեր, չկարողացա բերել։ Ուրիշ տարբերակ չունեինք։ Մի երեք օր առաջ մենք թռիչք ունեինք»,— պատմում է Աննան։

Մեկ ամիս հորը խնամելու համար ընտանիքը 250 հազար դրամ է վճարել խնամքի կենտրոնին։ Աննայի խոսքով՝ իրենք արել են ամեն ինչ, որպեսզի հայրը որևէ կարիք չունենա։ Ամեն օր զանգահարել են կենտրոն՝ հետաքրքրվելու նրա առողջական վիճակով, անգամ հյուրասիրություններ են ուղարկել աշխատակազմին, որպեսզի հորը լավ աչքով նայեն։

Խնամքից վերադառնալուց հետո Աննայի մայրը անմիջապես կենտրոն է գնացել՝ ամուսնուն տուն տանելու համար, սակայն սարսափել է տեսածից։

«Գնում է, տեսնում է, որ սրունքներն արդեն ցավոտ են, ոտքերը սաղ վնասված են՝ երկու ոտքերը, և ոտքի եղունգը, առանց մեզ տեղեկացնելու, քաշել են»։

Հիվանդանոց տեղափոխվելուց հետո, ըստ Աննայի, պարզվել է, որ հորը խնամքի կենտրոնում տևական ժամանակ նույնիսկ դեղորայք չեն տվել։ Ավելի ուշ, երբ ընտանիքը պահանջել և դիտել է տեսախցիկների տեսագրությունները, ավելի սարսափելի պատկերի են ականատես եղել։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում