Մամուլ

Եկեղեցին երբեք քաղաքականությանը չի խառնվել և հիմա էլ չի անում. Վահրամ քահանա Մելիքյան

Եկեղեցին երբեք քաղաքականությանը չի խառնվել և հիմա էլ չի անում. Վահրամ քահանա Մելիքյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՆՑՅԱԼԸ ԱՆՑԱԾ ՉԷ /11․12․2020թ․/

– Եկեղեցին երբեք քաղաքականությանը չի խառնվել և հիմա էլ չի անում։ Հայրենիքը նման ճգնաժամից հանելու և փրկելու պատասխանատվությունը այլևս միայն քաղաքական ուժերինը չէ, այլ ժողովրդինը, ինչպես ամբիոններից հնչում է, իսկ Եկեղեցին ինքը ժողովուրդն է։ Ստեղծված անցանկալի իրավիճակը պարտավորեցնող է։

– Առնվազն միամիտ կամ տգետ պետք է լինի մեկը պնդելիս, թե Եկեղեցու պետը անհատական կարծիք է արտահայտում։ Նման շռայլություն հովվապետի հանգամանքը չի ընձեռում։

garegin b

– Եկեղեցու և եկեղեցականների դեմ կարծես մեկ հրամանով սանձազերծված արշավը ծիծաղելի է և տալիս է շատ հարցերի պատասխաններ, որոնց վերաբերյալ դեռ ոչ հեռավոր անցյալում առկա կասկածները միանշանակ փարատվում են։ Ճշմարտության բարձրաձայնումը կդիմանա ամեն տեսակի ակնարկների, սպառնալիքների ու մեղադրանքների։ Տերը՝ մեզ օրինակ։

– Հետաքրքիր է, որ փակ դռների ետևում, Եկեղեցու հետ հանդիպումներին (իսկ այդպիսիք քիչ չեն եղել վերջին շրջանում) մտահոգություններ ու հանգուցալուծման ամենատարբեր գաղափարներ քննարկողները և Եկեղեցուն ապավինողները հրապարակային ելույթներում մոռացության են տալիս իրենց խոսքերը և թիրախավորում են Եկեղեցին «հաշտության օրակարգ» հասկացությամբ։ Եվ ի՞նչ, թարմացնե՞նք նրանց հիշողությունը։

– Եկեղեցին ունի իր օրակարգը, որը վերմարդկային է, սակայն վերաբերում է մարդկային կյանքի ամեն ոլորտին, նրա էությանը և դավանանքին, այս դեպքում՝ մեր հայրենիքին։ Եկեղեցուն ամենատարբեր ձևերով իբրև սրբազան պարտականություն հրամցվող և ուսուցանվող «հաշտության օրակարգը» կարծես հասկանալի չէ, ինչպես և չընկալված են մնացել այլ առիթներով ամենատարբեր տարիներին հնչած զանազան կոչերն ու ուղերձները, նաև՝ վերջին շաբաթներին։

Մայր Աթոռ եկեղեցի

Եկեղեցու պատգամների ու հանրությունից ակնկալությունների մեկնակետը բոլոր ժամանակներում եղել է խաղաղությունը, համերաշխությունը, միասնականությունը, փոխադարձ հարգանքն ու հանդուրժողությունը, հայրենիքի և ազգի գերագույն շահը, հաշտության մեջ խնդիրների հանգուցալուծումը, պարզապես միշտ չէ, որ այդպիսի օրակարգը շահեկան է նկատվել այս կամ այն կողմի համար, ինչի ականատեսն ենք նաև այսօր։

– Ըստ էության, բազում հանդիպումներից, խորհրդակցություններից և երկրում ու տարածաշրջանում տեղ գտնող զարգացումներից կատարված հետևությունների արդյունքում այսօր Եկեղեցին կրկին հանդես է գալիս համերաշխության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունից մղված, հայրենիքի ու ազգի շահի գիտակցումից և «հաշտության օրակարգ»-ից բխող կոչով։

Այդ օրակարգի գործնականացումը այս վիճակում, միասնականության ու համերաշխության վերականգնումը, ցավոք, միմիայն հնարավոր է նկատվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերջին ուղերձում բարձրաձայնված և մատնանշված ճանապարհով»։

Կիսվել էջում