Մամուլ

Գյումրին մերժեց ՔՊ-ին․ երեք ամսում շուրջ 21 հազար ձայնի անկում է գրանցել․ «Հրապարակ»

Գյումրին մերժեց ՔՊ-ին․ երեք ամսում շուրջ 21 հազար ձայնի անկում է գրանցել

Hraparak.am-ը գրում է․ Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում Գյումրիում, ինչպես հայտնի է, ամենաշատ ձայն հավաքել է Բալասանյան դաշինքը։ Նրա օգտին քվեարկել է 9637 գյումրեցի կամ ընտրությանը մասնակցած անձանց 36.31 տոկոսը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստորեն, պարտվել է Գյումրիում՝ հավաքելով  7786 կամ ընտրությանը մասնակցած անձանց ձայների 29.36 տոկոսը։

Նշենք, որ ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ Գյումրիում այս ընտրություններին քվեարկելու իրավունք է ունեցել 109 հազար 453 քաղաքացի, որից, սակայն, քվեարկությանը մասնակցել է ընդամենը 26 հազար 417 քաղաքացի կամ քվեարկության իրավունք ունեցողների 24.14 տոկոսը։ Սա մասնակցության աննախադեպ ցուցանիշ է, որի պատճառները դեռ կարելի է վերլուծել։ 

qp hanrahavaq 1

Բայց այստեղ ամենաուշագրավը իշխանության հավաքած ձայներն են և պարտությունը։ Փաստորեն Գյումրին, որը հանդիսանում էր 2018-ին Նիկոլ Փաշինյանի կատարած «հեղափոխական» քայլերթի մեկնակետը, մերժեց իշխանություններին ու նրա թեկնածուին նախ՝ ընտրության չգնալով, երկրորդ՝ շատ քիչ ձայն տալով։

Հիշեցնենք, որ 2021 թ․հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Գյումրիում 122 հազար 118 մարդ է իրավունք ունեցել մասնակցել, որից ընտրություններին մասնակցել է 46 հազար 912 մարդ կամ ընտրողների 38.42 տոկոսը։

Եվ դրանից ՔՊ-ի ձայները կազմել են 28 հազար 246։ Այսինքն՝ երեք ամսում Գյումրիում ՔՊ-ն շուրջ 21 հազար ձայնի անկում է գրանցել, ավելի ստույգ՝ 20 հազար 460 ձայնի։ Փաստորեն, սա է իշխանությունների իրական ռեյտինգն այսօր «հեղափոխական» քաղաք Գյումրիում։

Share