Մամուլ

Գաղտնի հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին․ Միքայել Մինասյան

Գաղտնի հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր տելեգրամյան ալիքում գրել է.

«Բոլորս էլ տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք հասկացել ենք, որ պարտությունը ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական հասկացություն է: Նիկոլի և նրա թիմի կողմից հպարտության բացակայությունը և թշնամուն սիրաշահելը թույլ չի տալիս հայ ժողովրդին ուշքի գալ, ինքնակազմակերպվել և փորձել ամեն ինչ զրոյից սկսել:

«Նիկոլն ու իր թիմը ամեն օր նվաստանում են ու նվաստացնում են մեզ բոլորիս: Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են, իսկ Նիկոլի թիմը խոսում է տարածաշրջանային համագործակցության մասին: Ադրբեջանն ու Թուրքիան նոր զորավարժություններ են անցկացնում, իսկ Նիկոլը խոսում է սահմանները բացելու մասին:

Սա շարունակվում է արդեն 4 ամիս: Փաշինյանը և նրա կապիտուլյացիոն թիմը շարունակում են նվաստանալ, հանձնել նոր տարածքներ, ոչնչացնել բանակցային դիրքերն ու իրավիճակը շտկելու ցանկացած հեռանկար: Նրանք հույս ունեն, որ Ալիևի հետ խաղալով կկարողանան գոնե մի բան ստանալ, որը կօգնի նրանց մնալ իշխանության:

Այս խաղի քայլերից մեկը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուստամ Մուրադովի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիևի նախատեսված հանդիպումն է:

armen abazyan ali nagiev

Գաղտնի հանդիպումը, որի շուրջ Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ, տեղի կունենա առաջիկա օրերին, շփման գծում, Մատաղիսից ոչ հեռու: Աբազյանը, Հարությունյանը և Նագիևը նախատեսում են քննարկել «ենթակառուցվածքային խնդիրները», իսկ, ըստ էության` Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը:

Մենք պետք է հասկանանք, որ սա պարզապես հերթական հանդիպում չէ. դա հայկական պետականության ոչնչացման ծրագրի իրականացումն է, հանուն որի Նիկոլը մնում է իշխանության:

Ինքն իրեն նվաստացնելու՝ Հայաստանի պատրաստակամությունը խթանում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի` Նիկոլից ավելի շատ տարածքներ, զիջումներ, երաշխիքներ ճզմելու ցանկությունը: Մեկ անձը չի կարող և չպետք է անպատիժ և դաժանորեն նվաստացնի սեփական հայրենիքը և ժողովրդին: Սա նշանակում է, որ մոտ է պատմական, իրավական և բարոյական պատասխանատվության ժամը: Շատ մոտ է»:

Կիսվել նյութով