ՄամուլՏեսանյութ

«Ձեր ուզածն ի՞նչ է, որ պատերազմ լինի ու դուք զինվորի հացը գողանա՞ք». Փաշինյանը հունից դուրս եկավ

Դուք հիմա զիջում եք Հայաստանի սահմանադրությունը՝ փորձելով կատարել Ալիևի հերթական պահանջը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով կառավարությանը, նեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Նախաստորագրված պայմանագրի 17 կետերից որևէ մեկում չկա որևէ պահանջ, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։ Հակառակը, տվյալ համաձայնագրի 2–րդ և 4–րդ կետերում արձանագրվում է, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային նկրտումներ չունեն և չեն կարող խառնվել միմյանց գործերին, բայց դուք սպասարկում եք Ալիևի օրակարգը»,–ասաց նա։

Ընդիմադիր պատգամավորը հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. «Խնդրում եմ մեկնաբանել Բայրամովի այսօրվա հայտարարությունը առ այն, որ 42 կիլոմետրանոց տրանսպորտային միջանցքի ստեղծման տեխնիկական պարամետրերին Ադրբեջանը պիտի մաս կազմի և քննարկումներ կան։ Պարզվում է, նոյեմբերի 6–ին հանձնաժողով է սկսել գործել Հայաստան–ԱՄՆ–Ադրբեջան, որը հենց այդ հարցերով է զբաղվում։

Խնդրում եմ մանրամասնեք, ինչ եք քննարկել։ Հենց նոր ձեր վարչապետը ասաց, որ ԹՐԻՓՓ նախագիծը գործնական փուլ է մտել և սահմանազատման մասին խոսեց, մինչդեռ օրեր առաջ ձեր կողմից տրված պատասխանում, պարոն Գրիգորյան, դուք նշել եք, որ դեռ ոչինչ որոշված չէ»։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դահլիճի այս մասում և մյուս հատվածում ներկա բազմաթիվ մարդիկ շատ անձնական մասնակցություն են ունեցել Հայաստանում գրեթե բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքների կեղծմանը։ Բնական է, որ նրանք չպիտի ուզենան, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ունենա օրգանական կապ իր պետության հետ և ունենա սահմանադրություն։

Դուք ասում եք՝ Ալիևի սահմանադրություն, բայց դուք չեք ասում, որ այն սահմանադրությունները, որ ժամանակին ընդունել եք, դուք գնացել եք այստեղ, այնտեղ, տառի և ստորակետի մակարդակով համաձայնեցրել եք։ Ձեզ թույլ են տվել ինչ-որ նախադասություն ունենալ կամ ինչ-որ նախադասություն չունենալ։

Մենք, այո, շատ դժվար, շատ տառապալի ճանապարհ ենք անցել և մենք Հայաստանի Հանրապետությունը մենք ձեր սարքած թակարդից հանել ենք։ Դուք Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում եք որպես ֆորպոստ և հակամարտության փակուղի, մենք այդ փակուղուց Հայաստանի Հանրապետությունը հանել ենք և շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով։

Դուք ինչի եք պաշտպանում այս սահմանադրությունը, որովհետև այս սահմանադրությունը օլիգարխիայի սահմանադրություն է, մարիոնետային, կոռումպացված, դատական և պետական համակարգի սահմանադրություն է, ժողովրդի իշխանությունը արհամարհող սահմանադրություն է, այս սահմանադրությունը ընտրակեղծիքների և ընտրակեղծարարների սահմանադրություն է։

Մենք նոր սահմանադրությունը ունենալու օրակարգը որդեգրել ենք 8 տարի առաջ և մենք մեր օրակարգը իրականացնում ենք և հպարտ ենք, որ կարող ենք մեր օրակարգը իրացնելու հետ Հայաստանի Հանրապետությանը բերել անշրջելի խաղաղություն։

Ձեր ուզածը ի՞նչ է, որ խաղաղություն չլինի, որովհետև պիտի պատերազմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք և միլիարդներ վաստակեք։ Որ դուք զորամասերից գողանաք ու բանակից փախածներով միլիարդներ վաստակեք, և հիմա վայնասուն բարձրացնեք։

Բայց ձեր պատասխանատվության ժամը եկել է, և դուք հերթով ձեր տեղը գտնում եք Հայաստանի ինքնիշխան պետության բանտախցերում»։

Մարիաննա Ղահրամանյանը հարց ուղղեց. «Հիմա դուք ինձ սպառնո՞ւմ էիք բանտախուց ուղարկելով։ Հետո կպատասխանեք։ Բայց ես մի անգամ էլ եմ ուզում հիշողության թարմացում անել. 2024 թվական փետրվարի մեկ միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ հանդիպում, Ալիևն ասում է, որ Հայաստանի սահմանադրության և այլ իրավական փաստաթղթերի փոփոխությունից հետո հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Նույն օրը դուք հանրային ռադիոյի եթերում խոսում եք անկախության հռչակագրի հետ ձեր հարաբերությունները կարգավորելու մասին։ Սա մի շատ խոսուն օրինակ է, թե ինչու է ձեր օրակարգում դրված սահմանադրությունը, ալիևյան սահմանադրություն։

Ինչ վերաբերում է զիջումներին, 2020–ին Սյունիքից հետ քաշեցիք դիրքերը, 21 թվականին Սյունիքի Սև լիճ, Գեղարքունիք, Վերին Շորժա, Կութ ու այսպես շարունակ։ Արցախը էլ չեմ ասում»։

Փաշինյանը հայտարարեց, որ իրենք երբեք Սյունիքից դիրքեր հետ չեն քաշել. «Ղարաբաղի հետ կապված ես այդ հարցին տասնյակ անգամներով անդրադարձել եմ։ Եթե դուք այդ կոռուպցիոն շղթայի մաս եք, այո, ես ձեզ սպառնում եմ, շատ կոնկրետ, շատ շուտով բանտում կհայտնվեք։ Եթե այդ թղթայի մաս չեք, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք, ո՞վ կարա ձեզ սպառնա, ոչ ոք։

Ինչ վերաբերվում է նրան, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է տեխնիկական համաձայնեցումների մասին, կա մի այսպիսի նրբություն՝ երբ երկաթուղին գնում է, պետք է կպնի ուրիշ երկաթուղու։ Ես հասկանում եմ, որ մենք ուզում ենք մեր ինքնիշխան երկաթուղին կառուցենք, որ Մեղրիի շուրջ պտույտներ է գործում և չի կպնում ոչ մեկին, բայց դա ձեր պատկերացումն է։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի երկաթուղուն պետք է կպնի մեր երկաթուղին և այդ հարցերը, տեխնիկական պարամետրերը պետք է այո, ակտիվ համաձայնեցվեն, և դա է պատճառը, որ ստեղծվել է նաև աշխատանքային եռակողմ խումբ»։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում