Մամուլ

Բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը. նա դուրս է գրվել հիվանդանոցից.

«Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս: Բժիշկներին հաջողվեց փրկել ։ Շնորհակալ եմ, որ տվեցիք հնարավորություն նրան նորից գրկելու»,- բժիշկների հետ զրույցում ասել է մայրը՝ Արաքսին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վրաերթի էր ենթարկել 11-ամյա աղջկան:

Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել էին Վանաձորի ԲԿ և տեղի բժիշկների հետ կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա:

Վիճակը կայունանալուց հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Օրեր առաջ երեխայի մոտ արդեն նկատվել էր դրական տեղաշարժ ու գիտակցության էր եկել: Իսկ այսօր արդեն ժպիտը դեմքին դուրս գրվեց ԲԿ-ից: Առողջություն փոքրիկին, շնորհակալություն բժիշկներին»:

Կիսվել նյութով