Ազատ խոսք

Բաց տարածքներում դիմակ կրելու աբսուրդը գնալով խորանում է․ Թեհմինա Վարդանյան

Բաց տարածքներում դիմակ կրելու աբսուրդը գնալով խորանում է․ Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բաց տարածքներում դիմակ կրելու աբսուրդը գնալով խորանում է և իր հետ խորացնում շատ և շատ քաղաքացիների մոտ լրջագույն առողջական խնդիրներ: Եթե որոշ սուբեկտների կարծիքով դիմակ չկրողը հանցագործ է, իմ կարծիքով , բաց տարածքներում դիմակ պարտադրողները շատ ավելի լուրջ վնաս են հասցնում քաղաքացիների կյանքին:

Եվ, երեկ, երբ ջերմաստիճանը 40-42 էր, ոստիկանները հրահանգավորված ռեյդեր էին իրականացնում` շատ լավ հասկանալով, որ բազմաթիվ քաղաքացիներ երբեմն իջեցնում են դիմակներ` շնչահեղձ լինելուց խուսափելու համար: Սա արդեն կարելի է բնութագրել որպես, ինչու ոչ, թշնամական մոտեցում: Ի՞նչ եք ուզում: Ուզում եք մարդիկ փողոցներում ուշաթափվե՞ն:

Ավելի քան երկու ամիս է, ինչ ամենուր պարտադիր է դիմակ կրելը, բայց, արի ու տես, թվերը չեն նվազում: Վստահեցնում եմ, որ շուրջ 1-2%-ն է, որ բաց տարածքներում դիմակ չի կրում: Չե՞ք հասկանում, որ պայքարի միջոցը, որն ընտրվել է, ավելի շատ բացասական հետևանքներ ունի, քան դրական: Էլ չեմ խոսում բազմաթիվ իշխանական պատգամավորների մասին, ովքեր օրենքի ջատագով են և, դիմակի կոչը շուրթերին, տասնյակներով վարակվեցին: Չէ, չեմ ուզում մտածել, որ օրենք չխախտելու կոչով կուրծք ծեծողներն օրինազանց են:

Դադարեցրե´ք բաց տարածքներում դիմակ կրելու ֆարսը: Խոսե´ք և կարծիք հարցրե´ք հարյուրավոր բժիշկերից: Սա շատ խորքային էֆֆեկտ է տալու:

Հ. Գ. Եթե միտում կա մարդկանց զուտ տուգանելու, առաջարկում եմ, ինչպես Չիպոլինո մուլտֆիլմում է, տուգանք մտցնել օդ շնչելու և տեղումների համար»:

Կիսվել էջում