Մամուլ

Արմեն Գրիգորյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

Արմեն Գրիգորյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու՝ այդ թվում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ: Ի՞նչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը:

Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որեւէ փոփոխություն չեն կրել: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել:

Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, որոնց մասին խոսել եմ նաեւ երեկ, Ձեր հարցերին ի պատասխան:

armen grigoryan

Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում:

Հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին:

Սրանք կարեւոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար եւ Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն շարժվելու է այս ուղղությամբ:

Կիսվել նյութով