Մշակույթ

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, Զգալ, որ դու կաս և լինել հեռու․ Այսօր Տերյանի մահվան 100-րդ տարելիցն է

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, Զգալ, որ դու կաս և լինել հեռու․․․ Այսօր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի մահվան 100-րդ տարելիցն է։ Տերյանը ծնվել է հունվարի 28-ին, 1885թվականին՝ Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։

Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ:

Արևելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի հասցրեց շարքերով գրելու սկզբունքը: Տերյանը մտածում և ստեղծագործում էր ոչ միայն առանձին բանաստեղծությունների, այլև շարքերի միջոցով:

Ծանր հիվանդության պատճառով Օրենբուրգում վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ ընդամենը 35 տարեկան հասակում։

«Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ-լինել քեզ օտար…

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ…»։

Կիսվել նյութով