Ժամանց

Վահան Տերյանի լավագույն սիրային բանաստեղծությունները՝ Սուրբ Վալենտին սիրո տոնին ընդառաջ

Վահան Տերյանի լավագույն սիրային բանաստեղծությունները՝ Սուրբ Վալենտին սիրո տոնին ընդառաջ

Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը ծնվել է 1885 թվականի փետրվարի 9-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։

Նրա ստեղծագործությունները սիրված են և արդի մինչև ասյօր:

Հատկապես սիրային բանաստեղծությունները շատ են սիրված երիտասարդների շրջանում:

Շուտով նաև Սուրբ Վալենտին սիրո տոնն է։ Այդ առթիվ Bavnews.am-ը իր ընթերցողի համար առանձնացրել է Վահան Տերյանի լավագույն սիրային բանաստեղծությունները՝

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ – լինել քեզ օտար…

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ…

Հաջորդ մեր առանձնացրած բանաստեղծությունն է՝

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

1904-1905

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,-
Ո՞վ ես դու, ո՞վ ես,- բնավ չըգիտեմ…

1904-1905

Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կրհամբուրեմ ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ…

Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,-
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս…

Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,-
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված…

Եվ վերջին սիրային բանաստեղծությունը՝

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…

Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…

Կիսվել նյութով