Մամուլ

Գյումրիում ոստիկանները հայտնաբերել են անօգնական շան ձագին դաժանորեն ծեծած տղամարդուն

Սեպտեմբերի 17-ին գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ 8-րդ զինվորական թաղամասում տեղակայված շաուրմայի կետի խոհարարը դաժան ծեծի է ենթարկել շան ձագին։ Անօգնական կենդանին փորձել է փախչել, սակայն աշխատակիցը թույլ չի տվել հեռանալ, շարունակել է տանջել նրան։

Արամ Դավթյանը իր գրառմամբ հրավիրել էր իրավապահների ուշադրությունը՝ ակնկալելով ընթացք տալ ու պարզել դեպքի հանգամանքները։

Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության Մուշ բաժնի աշխատակիցները, ֆեյսբուքյան գրառումը ընդունելով որպես հանցագործության մասին հաղորդում, անմիջապես գնացել են դրա հետքերով։

Հատուկ կարևոր գործերով համայնքային ոստիկան Մինասյանը զեկուցագիր է ներկայացրել, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է «Գյումրիում շաուրմայի կետի խոհարարը ծեծել է անօգնական շան ձագին» վերնագրով հրապարակում, որտեղ հեղինակը նկարագրել է, թե ինչպես է շաուրմայի կետի խոհարարը դաժանորեն ծեծել անպաշտպան կենդանուն՝ տանջելով նրան, չթողնելով հեռանալ։

Ոստիկանության կատարած ստուգումների արդյունքում Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում գտնվող թիվ 19 ռուսական դպրոցի ուսուցչուհիներից մեկը հայտնել է, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16․20 րոպեի սահմաններում, գտնվելով կանգառում՝ լսել է շան ձագի վնգստոց, քայլել է ձայնի ուղղությամբ և նկատել է, որ նշված թաղամասի դիմաց գտնվող արագ սննդի կետերից մեկի դիմաց (սննդի կետի անվանումը չենք գրում, որպեսզի գովազդ չդիտարկվի) մի տղամարդ ոտքով հարվածում է շան ձագին։ Ոստիկանները պարզել են, որ նա 1962 թվականին ծնված Վ․Ս․-ն է։

Ոստիկան Մինասյանը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Նշենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելը քրեորեն պատժելի է, ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ ամսական եկամտի առավելագույնը քսանապատիկի չափով, հանրային աշխատանք՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Կիսվեք ձեր էջում