«Ամուսնուս ասացի`չփորձվես փակ բերես Դավիթի մարմինը… չեմ հավատա…». Քրիստինե Սիմոնյան
Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը երգչուհի, երգահան Քրիստինե Սիմոնյանն է։
2020 թվականը Քրիստինե Սիմոնյանի համար դարձավ կյանքի ամենածանր տարիներից մեկը․ պատերազմի ընթացքում նա կորցրեց իր միակ որդուն՝ Դավիթին։
Խոսելով որդուն բանակ ճանապարհելու մասին՝ Քրիստինե Սիմոնյանը պատմել է, որ դեռ Դավիթի մանկության տարիներից էր ամուսնուն ասում՝ փորձեն այնպես անել, որ որդին չծառայի։ «Ես ամուսնուս ասում էի՝ մի բան արա, որ չգնա բանակ։ Դեռ 11-12 տարեկան էր։ Ամուսինս ասում էր՝ ես էլ եմ ծառայել, ի՞նչ պիտի լինի, տղա է, թող գնա ծառայի»,- պատմել է նա։
Քրիստինե Սիմոնյանի խոսքով՝ ինքը ծանր էր տանում բանակի մասին խոսակցությունները, մինչդեռ ամուսինը ծառայությանը այլ կերպ էր վերաբերվում։ Ի վերջո, Դավիթը բանակ է գնացել, իսկ ծառայության ընթացքում սկսվել է նաև կորոնավիրուսի համավարակը։
Նրա խոսքով՝ Դավիթը պետք է արձակուրդ գար, սակայն այդպես էլ չի վերադարձել։ Մորը վերջին անգամ նա տեսել է երդման արարողության օրը՝ 2020 թվականի փետրվարի 1-ին։ Նույն տարվա ապրիլին Դավիթին Հադրութում ծառայության վայրում տեսել է նաև հայրը։
Պատերազմի սկսվելուց առաջ Դավիթն արդեն շուրջ 9 ամիս էր, ինչ ծառայում էր։ Քրիստինե Սիմոնյանը պատմել է, որ սեպտեմբերի 27-ին որդու հետ խոսել է հեռախոսով։ «Ես ամեն օր խոսել եմ տղայիս հետ։ Սեպտեմբերի 27-ին, երբ իր հետ խոսեցի, ձայնը փորի մեջ էր։ Շատ կարճ խոսեց՝ «Մամ, ես լավ եմ, վսյո»»,- հիշել է նա։
Հաջորդ օրը Դավիթը չի զանգահարել, սակայն մորը նամակ է գրել։ Քրիստինե Սիմոնյանն ասել է, որ այդ նամակը մինչ օրս պահում է։
Տեսանյութը ստորև․


