Քոչարյանն արժանի չէ այսօր լինելու բանտում, մի մարդ, որն այդքան բան է արել մեր պետության համար․ Բելլա Քոչարյան

Քոչարյանն արժանի չէ այսօր լինելու բանտում։ Այս մասին երեկ՝ մայիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց նրա տիկին Բելլա Քոչարյանը։

«Մեր ընտանիքն այսօր գտնվում է, այսպես կոչված, ոչ բարի պայմաններում, բայց մեր ընտանիքը այսպիսի մի հիմք ունի՝ մենք չենք սիրում արտահայտել մեր դժգոհությունները, մեր հուզմունքը։ Բայց մենք գիտենք, որ վերջում միշտ ճշմարտությունը հաղթում է։

Մենք հավատում ենք, որ Ռոբերտն այնքան ազնիվ է, այնքան ճիշտ է, ճիշտ են եղել այն տարիները իր գործունեության, որ ինքը վախենալու ոչինչ չունի։ Եվ այն կեղծիքը, կեղծիքի հավաքույթը իր կողմից եւ ընդհանրապես օբյեկտիվության կողմից կոչնչանան։ Ես հավատում եմ, որ Ռոբերտը լինելու է ազատության մեջ, որովհետև ինքը ճշմարիտ է և հաղթահարելու է այն վիճակը, որի մեջ գտնվում է՝ առանց հիմունքների և պատճառի։

Մենք, մեր ընտանիքի բոլոր անդամները՝ իմ գլխավորությամբ,  մեր զավակները՝ Սեդրակը, Լեւոնը, Գայանեն, մեր հարսները, մեր թոռնիկները, շատ ամուր ենք, շատ սիրում ենք մեր ամուսնուն, մեր հայրիկին, մեր պապիկին և հավատում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու։

Այսօր տեսնելով, թե ինչքան բարի մարդիկ կան, ինչքան ընկերներ ունենք, ես ուղղակի շատ հուզված եմ, որովհետեւ մարդիկ մոտենում են, իրենց սերն են արտահայոտւմ, իրենց աջակցությունն են հայտնում։ Եվ դա շատ է ոգևորում, որովհետեւ կան մարդիկ, որոնք շատ ճիշտ են գնահատում են իրականությունը, եւ որոնց համար ճշմարտությունը շատ կարևոր է», – ասաց Բելլա Քոչարյանը։

Տիկին Քոչարյանը նշեց նաև, որ իրենց աջակիցների թիվը հետզհետե մեծանում է․ «Յուրաքանչյուր քայլ, որը օգնում է հասնել ազատությանը, իհարկե շատ կարեւոր է։ Ինչ որ երեկ ես տեսա, այն ելույթները, իիհարկե օգնելու է։ Եվ ես նկատում եմ, որ գնալով այդ մարդկանց թիվն ավելանում է, մարդկանց, որոնք ճիշտ են գնահատում իրականությունը, որոնք խաբված չեն։

Ռոբերտ Քոչարյանն արժանի չէ այսօր լինելու բանտում, այսօր լինելու անազատության մեջ, մի մարդ, որն այդքան բան է արել մեր երկու հայկական պետությունների համար։ Ուղղակի անհասկանալի է՝ ինչ է կատարվում։ Դրա համար յուրաքանչյուրի աջակցությունը և համար յուրաքանչյուրի ճիշտ խոսքը իհարկե մոտեցնելու է Ռոբերտի ազատությանը»,- եզրափակեց ՀՀ երկրորդ նախագահի տիկինը։