Շինհրապարակի զոհերից մեկը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել
Այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երևանի շինհրապարակներից մեկում վերամբարձ կռունկն ընկել է այն պահին, երբ այն ապամոնտաժելիս են եղել։
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 3 մարդ. նրանցից մեկը ազգությամբ հայ է, մյուս երկուսը Իրանի քաղաքացիներ են։ Դեպքի վայրում հավաքվածները NEWS.am—ին հայտնեցին, որ ազգությամբ հայ տղան հենց կռունկավարն է։ Վերջինս 37 տարեկան Անդրանիկ Ա.–ն է։ Հավաքվածները նշում են, որ նա վերջերս էր ամուսնացել։
Դեպքի վայրում այս պահին քննչական գործողություններ են իրականացվում, մահացածների մարմինները դեռ այստեղ են, տեղում աշխատում են նաև փրկարար ծառայողներ, ինչպես նաև հերթապահում է շտապօգնության բրիգադը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։
ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ։
Տեսանյութը ստորև․


