Հասմիկ Կարապետյանի ամուսինն ու դուստրը` նրա տեսահոլովակում. երգչուհին առաջին անգամ ցույց է տվել դստերը (Լուսանկար)

Երգարվեստում երկարատև լռությունից հետո երգչուհի Հասմիկ Կարապետյանը նախորդ տարի վերադարձավ նոր տեսահոլովակով, սակայն դրան հաջորդեց ամուսնու աշխատանքի բերումով Կանադա մեկնելն ու Հասմիկը կրկին լռեց։

Այս օրերին Հասմիկը նկարահանել է իր նոր տեսահոլովակը, որը նվիրված է դստերը` Տաթևին։ Դեռ Կանադայում գտնվելու ամիսներին երգչուհին մեծ ցանկություն ուներ Հայաստանում նկարահանել իր փոքրիկին նվիրված երգի տեսահոլովակը:

Այս տեսահոլովակում հանրությունն առաջին անգամ կտեսնի Տաթևի դեմքը, քանի որ մինչև այս Հասմիկը դստերը ցույց էր տալիս որոշակի շղարշի տակ։ Tert.am Life-ը ներկայացնում է բեքսթեյջն ու Տաթևի լուսանկարները։

«Իմ Տաթև» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Հասմիկն է, գործիքավորումն արել է Դեր Հովան: Տեսահոլովակում երգչուհու ոճով և զգեստների ընտրությամբ զբաղվել է դիզայներ Արփինե Կոշտոյանը, դիմահարդարումն արել է Հասմիկի քույրը` Արմինե Կարապետյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է, որի հետ Հասմիկն առաջին անգամ էր համագործակցում:

«Շատ շնորհակալ եմ իմ տաղանդավոր ընկերոջը՝ Դեր Հովային, որ ինձ ծանոթացրեց МG studio-ի հիմնադիր, ռեժիսոր Մարիամ Գևորգյանի հետ: Առաջին անգամ էի համագործակցում իգական սեռի ներկայացուցիչ ռեժիսորի հետ: Կարծում եմ` կանայք շատ ավելի լավ կարող են զգալ և հասկանալ մայրությունը: Ինձ շատ դուր եկավ Մարիամի մոտեցումն ինձ՝ իբրև հեղինակ-կատարողի: Նա առաջնահերթ հարցրեց, թե ես ի՞նչ եմ պատկերացրել երգը գրելիս: Դա շատ լավ էր, որովհետև նա ինձ հնարավորություն տվեց պատմելու իմ պատկերացումները տեսահոլովակի մասին և, որպես իր գործի պրոֆեսիոնալ, կարողացավ այդ ամենը սինթեզել իր գաղափարների հետ»,- ասաց երգչուհին:

Տեսահոլովակի սյուժետային գիծը բացել երգչուհին չցանկացավ, միայն նշեց, որ մեկամյա լռությունից հետո այս տեսահոլովակով վերադարձը արդարացված է և որոշակի անակնկալներով: Տեսահոլովակի նկարահանումների մի մասն անցկացվեց Բուսաբանական այգում, մյուս տեսարաններն էլ նկարահանվել են բնության գրկում:

Նկարահանման հրապարակում էր նաև երգչուհու ամուսինը՝ Շանթ Կիրմիզյանը, թե ինչ ձևաչափով կլինի նրա մասնակցությունը, հանդիսատեսը կիմանա տեսահոլովակը դիտելուց հետո: Չնայած սցենարային գիծը նախապես մտածված էր` նկարահանման հրապարակում իմպորվիզներ էլ են եղել:

Թեև երգը Տաթևին է նվիրված, նա տեսահոլովակում որպես գլխավոր հերոսուհի չի ներկայացել. «Չէի ցանկանում, որ ամեն բան իր շուրջ լինի: Տաթևի մայրը Հասմիկ Կարապետյանն է, որն իրեն երգ է նվիրել: Ամեն ինչ սկսվում է դրանից»:

Երգչուհին այս ողջ ընթացքում խուսափում էր դստերը ներկայացնել հանրությանը: Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք դա հատուկ մտածված քայլ էր, որպեսզի տեսահոլովակով ներկայացնի դստերը. «Սկզբում նրան առանց իր կամքի հանրային դարձնելու ցանկություն չկար: Տաթևը դեռ երեխա է, չէի կարող հարցնել` ցանկություն ունե՞ս հանրային լինել, թե՞ ոչ, այդ պատճառով կարծում էի, որ պարզապես դրա իրավունքը չունեմ, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ Տաթևը ծնվել է հանրային մարդու ընտանիքում, այսինքն` ուզած-չուզած նրանով հետաքրքրվում են և բոլորն էլ ցանկանալու են տեսնել: Հասկացա, որ անհեթեթ կլինի երգել երեխայիս մասին և տեսահոլովակում չնկարահանել նրան: Գուցե կարելի էր և չնկարահանել, բայց ուզում եմ, որ հանրությունը Տաթևին տեսահոլովակով տեսնի: Չգիտեմ, սա շարունակություն կունենա՞, թե ոչ, դա արդեն հետագայում կլինի Տաթևի ընտրությունը: Շատ հնարավոր է՝ այսքանով սահմանափակվի նրան ներկայացնելը»:

Մայրիկի խոսքով` 1 տարեկան 9 ամսական Տաթևն իրեն նկարահանման հրապարակում լավ էր զգում, նույնիսկ այնքան, որ նախընտրել է քնել և նկարահանող խմբին ոչ մի կերպ չի հաջողվել մանկասայլակից իջեցնել նրան:

«Արդեն նկատելի է, որ Տաթևն ունի ձևավորված բնավորություն: Նա բնույթով շատ ազատ երեխա է, երբեք ստիպված ոչինչ չի անում: Փորձեցինք իրեն սայլակից իջեցնել, որ խաղա, վազվզի, բայց չստացվեց: Դա կապված էր նաև նրա առողջական վիճակի հետ: Տաթևի ատամիկներն իրար հետևից դուրս են գալիս, իսկ երեխաներն այդ ընթացքում նյարդային են լինում և չեն ենթարկվում: Կարևորը՝ նա քնեց, բարդություն չստեղծեց մեզ համար, պարզապես հավելյալ օր կվերցնենք նրան նկարահանելու համար»,-ասաց Հասմիկը:

Տեսահոլովակի պրեմիերան, հավանաբար, կկայան մինչև հոկտեմբերի 15-ը: Երգչուհին հույս հայտնեց, որ հարաբերական դադարից հետո լսարանը կհավանի իր նոր աշխատանքը: «Ինձ համար կարևոր է, որ երգը սիրվի ու գնահատվի։ Տեսահոլովակն ավելի կօգնի երգը հասցնելու մարդկանց սրտերին, որովհետև այն մայրության թեմայով է: Սա մոր անկեղծ խոսքն է իր երկար սպասված երեխային: Կարծում եմ` դա արդեն գրավական է, որպեսզի երգը հաջողություն ունենա»,-ասաց նա։

Հասմիկի կարծիքով, հատկապես, իր երկրպագուների համար սա երկար սպասված նվեր է։ «Ես զգում եմ, որ իմ երկրպագուները շատ էին կարոտել ինձ և իմ արվեստը: Նրանք ինձ այդ մասին անընդհատ գրում են սոցիալական ցանցերի միջոցով: Դա ինձ համար ամենաբարձր պարգևն է: Երգարվեստի հետ կապված, գուցե, խոստումներ եմ տվել ու ժամանակի առումով չեմ կարողացել կատարել, բայց հիմա ժամանակ առ ժամանակ պետք է ստեղծագործեմ: Եթե կան սպասողներ, ուրեմն արժե»,– եզրափակեց երգչուհին։

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...