Մամուլ

Հայաստանում 8 բանտարկյալ փախուստի փորձ են կատարել

ՀՀ քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել 8 անձի ՔԿՀ-ից փախուստի փորձ կատարելու համար։

Հիշեցնենք, որ փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքները, հստակեցվել հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

Նախնական քննության տվյալներով՝  նրանք   քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի կողմից, օրենքով սահմանված կարգով, ուղեկցվել են 6-րդ մասնաշենքում տեղակայված զբոսախուց:

Զբոսախցի մուտքի դուռը փակելու պահին կալանավորված անձանցից մեկը բռնություն է գործադրել ուղեկցող անձի նկատմամբ և նրան մտցրել զբոսախուց, զրկել դիմադրություն ցույց տալու հնարավորությունից, որի ժամանակ մեկ ուրիշ կալանավոր տեսուչի մոտից խլել է մասնաշենքի խցերի դռների կախովի փականների բանալիները, ինչպես նաև` մասնաշենքերի մուտքերի և խցերի դռների փականների բանտային բանալին:

Չենթարկվելով քրեակատարողական հիմնարկում վարքի պահպանման վերաբերյալ գործող կանոններին, բռնության գործադրումն ու փախուստի փորձը դադարեցնելուն ուղղված տեսուչի կոչերին՝ կալանավորներից ոմանք բացել են 6-րդ մասնաշենքի 6 տարբեր խցերի դռները և իրենց հետ փախուստի դիմելու կոչով դիմել կալանավորված օտարերկրյա քաղաքացիներին:

Մինչ դատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 8 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվեք էջում