Մամուլ

Ոստիկանությունը ներկայացրել է Երևանում երթևեկության ծանրաբեռնված լինելու պատճառը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության պատճառների և անդրադարձել մեղադրանքներին, թե ոստիկանությունն անգործության է մատնված:

«Մեղադրանքն անհիմն է ու չի համապատասխանում իրականությանը. վիճակագրությունը փաստում է, որ 2018 թ. դեկտեմբերի 1-ից 19-ը Ճանապարհային ոստիկանությունն արձանագրել է ճանապարհային երթևեկության կանոնների 15 778 խախտում՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 15 803-ի դիմաց: Եվ այս թվերը ոչ թե սաբոտաժի, այլ ճիշտ հակառակի մասին են վկայում:

Պարզաբանենք նաև, որ նախատոնական օրերին միշտ էլ երթևեկությունը մայրաքաղաքում, հատկապես՝ կենտրոնական հատվածում ծանրաբեռնված է: Պատճառները հասկանալի են. մայրաքաղաքի կենտրոնում են տեղակայված սպասարկման, առևտրի, մշակութային օբյեկտների գերակշիռ մասը, և մարզերից ավտոտրանսպորտի մեծ հոսքի, ինչպես և զբոսաշրջիկների թվի աճի պայմաններում երթևեկության լարվածության մեծացումը պետք է առնվազն օբյեկտիվ գնահատականի և ըմբռնման արժանանա. դա ողջ աշխարհում առկա ու անխուսափելի երևույթ է:

Ինչ վերաբերում է սուբյեկտիվ կողմին՝ որոշ վարորդների անկարգապահությանը, ապա նման երևույթները բացառելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն այս օրերին արտակարգ ռեժիմով է աշխատում, մասնավորապես՝ արդեն մեկ շաբաթ մայրաքաղաքում ծառայություն են իրականացնում նաև մարզերից տեղափոխված 20 կարգախմբեր:

Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ ոստիկանությունը ակնկալում է ոչ թե հանիրավի ու անփաստարկ մեղադրանքներ, այլ քաղաքացիների գործուն աջակցություն և օրինահարգ պահվածք»,- ասված է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած պարզաբանման մեջ:

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում