Մամուլ

Կապիտանին ներկայացված մեղադրանքը խիստ նախնական է. դա ավելի շատ հանրությանը բավարարելու եղանակ է. փաստաբան

Կապիտանին ներկայացված մեղադրանքը խիստ նախնական է. դա ավելի շատ հանրությանը բավարարելու եղանակ է. փաստաբան

News.am-ը գրում է․ Ազատ գյուղում զինվորների կացարանի ողբերգական հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է նրա առողջական վիճակով.

Դեմքի ամբողջ շրջանն այրված է, ձեռքերն այրված են, վիրակապերի մեջ են: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Ազատ գյուղում զինվորների կացարանի ողբերգական հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Միաժամանակ, ըստ փաստաբանի, Եղիշե Հակոբյանը ցանկանում է ցուցմունք տալ, շահագրգիռ է, որպեսզի այս դեպքի վերաբերյալ կատարվի համակողմանի օբյեկտիվ քննություն, բոլոր հանգամանքները բացահայտվեն՝ այն հաշվարկով, որ թե հանրությունը, թե տուժողների հարազատները իմանան, թե իրականում ինչ է տեղի ունեցել, այդ թվում դեպքին նախորդող ու հաջորդող ժամանակահատվածներում, որպեսզի նաեւ պարզվի զինծառայողների մահվան պատճառի եւ հնարավոր զինծառայողի գործողության կամ անգործության պատճառահետեւանքային կապը:

«Հաշվի առնելով թե գործի հնչեղությունը, թե հասարակության հետաքրքրվածությունը, հասարակության ալեկոծումը, տուժողների հոգեկան վիճակը, թե ես, թե Եղիշե Հակոբյանը շահագրգիռ ենք, որ այս դեպքը լիարժեք համակողմանի բացահայտվի եւ տրվեն համապատասխան իրավական գնահատականներ:

Եթե դրա արդյունքում կպարզվի, որ Եղիշե Հակոբյանն ունի որոշակի մեղք, այսինքն կա պատճառահետեւնքային կապ զինծառայողների մահվան պատճառների եւ իր գործողության կամ անգործության միջեւ, ուրեմն նա պատրաստ է այդ պատասխանատվությունը կրել:

Իսկ այժմ ներկայացված մեղադրանքը խիստ նախնական է: Իմ կարծիքով, դա իրավական տեսանկյունից փաստարկված չէ, դա ավելի շատ հանրությանը ժամանակավոր բավարարելու եղանակ է: նույն քրեական վարույթ իրականացնող մարմինը բավականին ընդգրկուն քննչական գործողություններ է նախաձեռնել, կատարվում է համակողմանի քննություն պարզելու դեպքի բոլոր հանգամանքները:

Նաեւ դատախազական հսկողությունն է իր բարձրության վրա: Ես տեսնում եմ, թե ինչքան վարկածներ են առաջ քաշվել եւ դրանք ստուգելու առաքելություն է ստանձնել քննչական մարմինը:

Կատարված գործողությունները վկյում են վարույթն իրականացնող մարմինը շահագրգիռ է համակողմանի, լրիվ բացահայտմամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ քննչական խմբում ներգրավված են 2 տասնյակից ավելի քննիչներ:

Փաստաբանի խոսքով, թե Եղիշե Հակոբյանը, թե ինքը ունեն նախնական դիրքորոշումներ, ձեւավորված կարծիք. «Նաեւ իր հայտնած տեղեկությունները էական նշանակություն ունեն գործի համար: բայց թե դրանք ինչքան որոշիչ կլինեն, կերեւա մնացած փաստական հանգամանքների համադրման արդյունքում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք էջում