Ժամանց

Զգացմունքներն արտահայտելը երկարացնում է կյանքը. գիտնականներ

Զգացմունքներն արտահայտելը երկարացնում է կյանքը: Գերմանացի գիտնականները հայտարարել են, որ իրենց զգացմունքները չթաքցնող մարդիկ դրանով երկարացնում են իրենց կյանքը. հաղորդում է «ԱԻՖ»-ը:

Թեև քաղաքավարության կանոնները պահանջում են, որ մարդը թաքցնի իր` հատկապես բացասական զգացմունքները, սակայն գիտնականների կարծիքով` դրանք արտահայտելը դրական է ազդում առողջության վրա:

Վրդովմունքը, զայրույթն ու նյարդայնացումն այն զգացմունքներն են, որոնք հանգեցնում են սրտխփոցի արագացման ու արյան ճնշման բարձրացման, սակայն «բռնկուն» բնավորություն ունեցողներն ապրում են միջինը երկու տարի ավելի, քան համբերատարներն ու լռակյացները, որոնք ընդունակ են թաքցնելու նույնիսկ ամենածանր ապրումները:

Յենա քաղաքի համալսարանի գիտնականների հետազոտությունների տվյալներով` զգացմունքներն արտահայտելը հանգեցնում է սրտի կծկումների հաճախականության ավելացման:

Միևնույն ժամանակ, եթե  դյուրաբորբոք մարդկանց մոտ այդ երևույթը վերանում է զգացմունքների ժայթքման ավարտի հետ, ապա համբերատարների մոտ սրտխփոցը բարձր է մնում երկար ժամանակ: Սա վերջում կարող է առաջացնել հիպերտենզիա, սրտի իշեմիկ հիվանդություն, ուռուցքային և երիկամային հիվանդություններ:

Հետազոտությունների հեղինակները 10 տարիների ընթացքում զննել են 6 հազար հիվանդի:

Սակայն, իրենց զգացմունքները սանձող մարդիկ ևս ուրախանալու պատճառ ունեն` այդպիսի մարդիկ շուտ են կազդուրվում, քան առավել զգացմունքայինները. խոսքը վարակային, այդ թվում և տուբերկուլյոզի նման ծանր հիվանդությունների մասին է:

Կիսվեք էջում