Մամուլ

Դիահերձարանում «կենդանացել» է 18 ամսական փոքրիկը, որի մահը արձանագրվել էր հիվանդանոցում. ԼՈՒՍԱՆԿԱՐ

ԱՄՆ Արիզոնա նահանգում իրավապահները հետաքննում են ողբերգական և միաժամանակ անսովոր դեպք, որի կենտրոնում 18 ամսական Վինսենթ Լորենցո Ֆիորդինոն է։ Երեխան լողավազանում գրեթե խեղդվելուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան մահացած էին հայտարարել, սակայն ժամեր անց դիահերձարանի տարածքում պարզվել էր, որ նա դեռ ողջ է։

Մարիկոպա շրջանի ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Սուպերգավաթի օրը։ Տեղական ժամանակով ժամը 17:38-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ տան լողավազանում հայտնաբերվել է 18 ամսական երեխան՝ դեմքով դեպի ներքև և անշարժ վիճակում։ Մինչ շտապօգնության ժամանումը հարազատներից մեկը փորձել է իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացում, որից հետո փոքրիկին տեղափոխել են Mercy Gilbert Medical Center հիվանդանոց։

Բժիշկների գործադրած ջանքերը, ըստ պաշտոնական տվյալների, արդյունք չեն տվել, և մոտավորապես ժամը 18:20-ին բժիշկներից մեկը արձանագրել է երեխայի մահը։ Սակայն ոստիկանության զեկույցում նշվում է, որ նույնիսկ մահվան պաշտոնական հայտարարությունից հետո երեխայի մոտ շարունակել են նկատվել շնչառության նշաններ։

Հետաքննության համաձայն՝ ժամը 19:18-ին դեպքի վայրում գտնվող դետեկտիվը հայտնել է, որ լսել է «ևս մեկ հստակ հոգոց», երբ մարմինը պատրաստվում էին տեղափոխել դիահերձարան։ Այնուհետև նաև մյուս աշխատակիցներն են հաղորդել հնարավոր շնչառության կամ այսպես կոչված ագոնալ շնչառության մասին, որը երբեմն հանդիպում է ծանր վիճակում գտնվող կամ վերակենդանացում անցած հիվանդների մոտ։

Ժամը 23:52-ին, երբ դատաբժշկական փորձաքննության բյուրոյի աշխատակիցները ժամանել են դիահերձարան, պարզվել է, որ երեխան կենդանի է։ Դրանից անմիջապես հետո այդ մասին տեղեկացրել են ընտանիքին, իսկ փոքրիկին շտապ տեղափոխել են Ֆինիքսի մանկական հիվանդանոց։

Միաժամանակ ոստիկանությունը քննարկում է ծնողների նկատմամբ հնարավոր մեղադրանքներ առաջադրելու հարցը, այդ թվում՝ երեխայի նկատմամբ անփութության կամ դաժան վերաբերմունքի համար։ Իրավապահների վարկածով՝ միջադեպի պահին նրանք կարող էին գտնվել մարիխուանայի ազդեցության տակ։ Զեկույցում նշվում է նաև, որ ծնողներն ընդունել են՝ այդ օրը կանաբիս են օգտագործել։

Mercy Gilbert Medical Center-ը հայտարարել է, որ դեպքի առնչությամբ սկսել է ներքին հետաքննություն, սակայն դրա արդյունքները դեռևս չեն հրապարակվել։ Բացի այդ, նշվում է, որ մահը պաշտոնապես արձանագրած բժիշկը հետագայում վիճաբանել է ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ պնդելով, որ իր որոշումը ճիշտ էր և հրաժարվելով վերանայել եզրակացությունը՝ չնայած իրավապահների կասկածներին։

Այս պահին երեխան շարունակում է մնալ բժիշկների մշտական հսկողության ներքո։ Նա միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Բժիշկների գնահատմամբ՝ նրան հաջողվել է խուսափել գլխուղեղի ծանր վնասվածքներից, սակայն առջևում երկարատև բուժում և վերականգնում է սպասվում։

Քննությունը շարունակվում է։ Իրավապահները փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում է երեխան հայտնվել լողավազանում առանց պատշաճ հսկողության, ինչպես նաև՝ ինչու է նա սխալմամբ մահացած ճանաչվել։

Լուսանկարը՝ ստորև․

erexa
Կիսվեք ձեր էջում